Lragir.am-ը գրում է.
Ուեյն Սթեյթ համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ քնից նույնիսկ 6 ժամ առաջ խմած 2-3 բաժակ սուրճը խանգարում է քնի ռեժիմը: Գիտնականները պնդում են, որ ընթրիքից հետո մեկ բաժակ սուրճը մարդու քնից մեկ ժամ է խլում, գրում է The Daily Mail-ը:
Հետազոտությանը մասնակցել է 12 կամավոր, որոնց 400 մգրամ կոֆեին պարունակող հաբեր են տվել, ինչը հավասար է 2-3 բաժակ սուրճի: 4 օրվա ընթացքում փորձի մասնակիցներն ընդունել են հաբերը քնից 6 եւ 3 ժամ առաջ: Փորձի օրերից մեկը պլացեբո է եղել (իրականում փորձի մասնակիցներին այլ հաբեր են տվել, որոնք կոֆեին չեն պարունակել, սակայն մասնակիցները չեն իմացել այդ մասին): Արդյունքում պարզվել է, որ կոֆեինով հաբերի պատճառով կամավորները քնից մեկ ժամ են կորցրել:
Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս երեկոյան 5-ից հետո սուրճ չխմել: Հայտնի է, որ կոֆեինը խանգարում է մելատոնինի հոսքին, որը պատասխանատու է քնի համար: