Բան չի փոխվել: Հոգևորականների խայտառակ բարքերի մասին նույնիկ Փավստոս Բուզանդն ա գրել 5-րդ դարում: Նույնիսկ կոնկրետ դեպք ա նկարագրել.
«Այլ էր Հոհան եպիսկոպոսը` նախկին Փառեն հայրապետի որդին, եթե կարելի է նրան եպիսկոպոս կոչել։ Սա մի կեղծավոր մարդ էր. մարդկանց աչքում իրեն ձևացնում էր պահեցող և կոշտ ու կոպիտ հանդերձ հագնող, մինչև անգամ ոտնաման չէր հագնում, այլ ամառը պարան էր փաթաթում, իսկ ձմեռը` կեմ։ Բայց չափից դուրս ընկղմված էր ագահության մեջ. աստծու ահն էլ մոռացել էր ագահության պատճառով այն աստիճան, որ անվայել ու անհավատալի բաներ էր անում։
Մի անգամ այնպես պատահեց, որ նա ճանապարհ գնաց, նստել էր գրաստի վրա ու գալիս էր. նրան պատահեց մի անծանոթ աշխարհական մարդ` հասակով պատանի, ձի հեծած, մեջքին սուր կապած, գոտուց թուր կախած, մեջքին աղեղ ու կապարճ, մազերը լվացած, օծած, կոկած, գլխին վարսակալ դրած, ուսին մուշտակ գցած։ Նա գալիս էր իր ճանապարհով, գուցե ավազակությունից։ Իսկ ձին, որ նա հեծել էր, բարձր էր հասակով, աշխույժ և արագավազ, այնպես որ, երբ Հոհան եպիսկոպոսը հեռվից ձին տեսավ, խիստ զարմացավ ու աչքը վրան մնաց։ Երբ հեծյալը եկավ ու նրան մոտեցավ, Հոհանը նրան սպասելով` հանկարծ բռնեց ձիու սանձից և ասաց. «Իսկույն ձիուցդ իջիր, հետդ խոսելիք ունեմ»։ Մարդն ասաց. «Ո՛չ դու ինձ ես ճանաչում, և ո՛չ ես քեզ, այդ ի՞նչ բան է, որ ուզում ես ինձ հետ խոսել»։ Մարդը միևնույն ժամանակ հարբած էր և շատ համառեց` չկամենալով ձիուց իջնել։ Բայց Հոհանը նրան ստիպեց, ձիուց ներքև իջեցրեց և ճանապարհից մի կողմ տարավ։ Այնտեղ մարդուն հրամայեց խոնարհվել և ասաց. «Քեզ քահանա եմ ձեռնադրում»։ Իսկ նա, իր մասին պատասխան տալով, ասաց. «Ես մանկությունից ի վեր եղել եմ ավազակ, մարդասպան, չարագործ, խառնակ վարքի տեր և այժմ էլ նույն գործում եմ գտնվում, ես արժանի չեմ այդ բանին»։ Մարդը շատ համառեց ու վիճեց, բայց Հոհանը ավելի խիստ ստիպեց։ Վերջը, Հոհանը նրան բռնությամբ գետին գլորելով, ձեռքը դրեց նրա վրա` քահանա դարձնելու համար և հետո ոտքի կանգնեցնելով` հրամայեց վերնազգեստի հանգույցները արձակել, հոգևորականի վերարկու գցել վրան և ասաց. «Գնա քո գյուղը և եղիր քահանա այն գյուղին, որտեղից որ ես»։ Նա նույնիսկ չգիտեր, թե որ գյուղից է այդ մարդը։ Հետո Հոհանը մոտենում, բռնում է ձիուց և ասում. այս ձին էլ ինձ վարձանվեր լինի, որ քեզ քահանա ձեռնադրեցի»։ Մարդը ձիու համար համառեց, չուզեց տալ։ Բայց նա բռնությամբ ձին խլեց ու մարդուն ճամփու դրեց։ Այս բոլորը ձիու համար եղան:
Մարդը, ակամայից փիլոնը վրան գցած, դառնում է տուն, գալիս ներս է մտնում ընտանիքի մոտ և ասում կնոջն ու ընտանիքին. «Վեր կացեք, աղոթք անենք»։ Իսկ նրանք ասում են. «Գժվե՞լ ես, ի՞նչ է, հո չե՞ս դիվահարվել»։ Իսկ նա ասում է. «Վեր կացեք, աղոթք անենք, որովհետև ես քահանա եմ»։ Նրանք զարմացել էին` մե՛րթ կարմրում էին, մե՛րթ ծիծաղում։ Շատ հակառակվելուց հետո, վերջապես համաձայնվեցին նրա հետ աղոթք անել։ Հետո կինը մարդուն ասաց, «Չէ՞ որ դու երեխա էիր, դեռ մկրտված չէիր»։ Մարդն ասաց կնոջը. «Խելք թողե՞ց գլուխս, շփոթեցրեց, չթողեց որ հիշեմ, ես էլ մոռացա այդ բանը նրան ասել, նա ինձ քահանա դարձրեց ու ձին սանձով, թամբով առավ ու գնաց»։ Տնեցիները մարդուն ասացին. «Վեր կկենաս, կրկին կգնաս այդ եպիսկոպոսի մոտ և կասես. «Ես մկրտված չէի, դու ինձ ինչպե՞ս քահանա դարձրիր»։ Նա էլ վեր կացավ ու գնաց եպիսկոպոսի մոտ և ասաց. «Ես մկրտված չէի, դու ինձ ինչպե՞ս քահանա դարձրիր»։ Հոհանը ասաց. «Մի սափորով ջուր բերեք»։ Ջուրն առավ լցրեց նրա գլխին ու ասաց. «Գնա, ահա քեզ մկրտեցի»։ Եվ այսպես, իսկույն նրան իր մոտից հեռացրեց:» - Փավստոս Բուզանդ, 5-րդ դար
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202112929331975?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել