1in.am-ը գրում է.

Վրաստանի նախարարների նոր կաբինետն ու կառավարության ղեկավարը վստահության քվե ստանալու համար խորհրդարանի առջև կկանգնեն նոյեմբերի 20-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով՝ համաձայն Վրաստանի Սահմանադրության նոր խմբագրման՝ նոր վարչապետի թեկնածությունը պետության ղեկավարին պետք է ներկայացնի խորհրդարանական մեծամասնությունը: 

Դրանից հետո նախագահը վարչապետի թեկնածուին կհանձնարարի նոր կառավարություն ձևավորել: Այնուհետև վարչապետի թեկնածությունը, կառավարության կազմն ու ծրագիրը կներկայացվեն խորհրդարանին: Հանձնաժողովներում լսումներից և մեծամասնության ու փոքրամասնության հետ հանդիպումից հետո կկայանա արտահերթ նիստ, որի ընթացում պատգամավորները կողմ կամ դեմ կքվեարկեն նոր կառավարության հաստատմանը: Ուսուպաշվիլին նշել է, որ հանձնաժողովներում լսումները, ինչպես նաև հանդիպումը մեծամասնության ու փոքրամասնության հետ, տեղի կունենան նոյեմբերի 19-ին, իսկ արտահերթ նիստը՝ հաջորդ օրը:

Իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր և Անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածու Իրինե Իմերլիշվիլին լրագրողներին հայտնել է, որ խորհրդարանական մեծամասնությունը վաչապետի պաշտոնում այսօր նախագահին կներկայացնի Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը: Նոյեմբերի 2-ին կոալիցիան՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, որոշել էր վարչապետի պաշտոնում ներկայացնել ներքին գործերի նախարար Գարիբաշվիլիի թեկնածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել