Իսլամացված հայերի թեման խորը ուսումնասիրության կարիք ունի: Մենք այնքան քիչ ենք, որ պետք է ոսկեգործի ճշտություն ցուցաբերենք, երբ սկսում ենք ազգի տարանջատումից խոսել: Ինչքան հեշտ է ասել` այս մարդը հայ չէ, և քաշվել մի կողմ: Ամեն հային «հայ չես» ասելուց առաջ մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարենք, ուսումնասիրություն որը հանգիստ կարելի է քննություն անվանել: Միայն այդ ճանապարհով կարելի է տվյալ մարդկանց տարանջատել սեփական ազգից, այլ ոչ թե ամպագոռգոռ արտահայտություններ անելով: Օրինակ, երբ մենք խոսում ենք մուսուլմանացված հայերի մասին, ապա մենք պետք է հաշվի առնենք, որ հիմնականում գործ ունենք բռնի ուժով մուսուլմանացված հայերի սերունդների հետ: Մենք պետք է գիտակցենք, որ նրանց առաքելական դաշտ բերելու ուղղությամբ մենք բավականին աշխատանք չենք տարել: Մենք պետք է հասկանանք, որ նրանցից շատերը իրենց պապերի մասին մտածում են հետևյալ կերպ`«ավելի լավ է մեռնեին, քան թե մուսուլմանացվեին»: Այսինքն այս հարթության մեջ բավականին աշխատանք ունենք տանելու:
Վերջերս Ստամբուլում կայացած Իսլամացած հայերին նվիրված կոնֆերանսին հայերը եւս հրավեր էին ստացել և կոնֆերասին ներկայացրել են զեկուցումներ, որոնք վերաբերել են բռնի իսլամացած կանանց եւ հայությանը: Ըստ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ Սերգեյ Վարդանյանի, որը ևս մասնակցել է այդ կոնֆերանսին, Իսլամացած հայերից շատերը խոսում են իրենց մեջ պահած գաղտնի ցավի մասին:
Դեռ մի քանի տարի առաջ `Կալիֆորնիայի համալսարանից Դորիս Մելքոնյանը, խոսելով ցեղասպանության ընթացքում բռնության ենթարկված հայ կանանց մասին, շատ դիպուկ արտահայտություն է արել, որը շատ փակագծեր է բացում`«Ցեղասպանությունից հետո բռնաբարությունները առօրյայի մաս էին դարձել: Չնայած դրան` այդ հարցում շատ քիչ ուսումնասիրություններ են կատարվել, իսկ ցեղասպանությունից փրկվածները փորձել են մեղմ նկարագրել և թաքցնել իրականությունը և չեն ներկայացրել դեպքերի մանրամասնությունները»:
Ես լիովին համաձայն եմ Դորս Մելքոնյանի տեսակետի հետ. պատկերացնում եք, թե ինչքան դժվար է եղել այս մարդկանց այդքանից հետո բարձրաձայնել իրենց հետ կատարվածի մասին, նրանք ամոթից գերադասել են լռել: Սակայն մենք լռելու իրավունք չունենք, մենք Մեծ Եղեռնի 100-ամյակից առաջ պետք է աշխարհին հասկացնենք, որ մուսուլմանացված հայեր հասկացողությունը բռնիության արդյունք է: Մենք պետք է ամբողջ աշխարհին հասկացնենք, որ նույնիսկ մուսուլմանացված հայի կենսաբանական ծագումը այնքան ուժեղ է, որ նա ներքուստ իրեն միշտ հայ է զգում: Այսօր չհասկանալ, թե ինչ դժողքի ճանապարհով են անցել այդ մարդիկ, չփորձել նրանց վերարտադրվելու հնարավորություն տալ, մեր կողմից առվազն սխալ է: Իսլամացված հայերի թեման խորը ուսումնասիրության կարիք ունի, այս հարցին չի կարելի մակերեսորեն անդրադառնալ` նամանավանդ 2015 թ-ի Մեծ Եղեռնի 100-ամյակից առաջ :
Հարգելի ընթերցողներ, մենք ուղղակի իրավունք չունենք չարձագանքելու այդ ցավին. չէ որ սա հայ ազգի կրած տառապանքների անբաժանելի մասն է: Մենք պետք է հասկանանք, որ այս մարդկանց թուրքերը մինչև հիմա հայ են համարում:
Հ.Գ Եվ ամենակարևորը, մենք պետք է հիշենք, որ այս թեմային շատ նրբորեն և բավական մեծ պատասխանատվությամբ էր մոտենում երջանկահիշատակ Վեհափառ Վազգեն Առաջինը…:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=443937832385142&set=p.443937832385142&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել