Ներկայացնում է Սոնա Գրիգորյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:


Սովորել արժևորել լռությունը, կամ լռել մենակության հետ և հիասթափեցնել նեկային ու կուչ գալ լռության մեջ…
Կան օրեր, որոնց վերնագիր չդնելով` դարձնում եմ որբ, և անկազմակերպ լռությամբ շոյվում աթոռիս ամուր փայտով, որին լրացնում են օդում մնացած մատներս:
Ես սիրում եմ հիասթափեցնել ներկայիս, սիրում եմ նրան երկար ժամանակով նետել մանկատուն, նրան որբ թողել, հաճախ նույնիսկ մանկատանը ոչ մի երեխա չի էլ լինում, նա միայնակ կանգնում է սպիտակ պատի առջև ու շվարած ինձ սպասում...
Լռության մեջ լսելի է այն ամենը, ինչը մենք չենք լսում ամբոխի ու աղմուկի մեջ, աղմուկից շատ ձայներ չեն լսվում, շատ բառեր մնում են օդում ու չեն ընկալվում, որոշ նախադասություններ ընկնում են հողի հատիկների վրա ու տրորվում ամբոխից, և այդպես էլ ոչինչ չի ընկալվում, չի ընկալվում այն ճիշտը, այն իրականը, որը պետք է ընկալվեր, մենք ամբոխի մեջ դառնում ենք խուլ ու համր, և այս ու այնկողմ փախչելով հավատացնում, որ օրն անցավ լավ:
Լռությունը սովորեցնում է ճոճվող աթոռի ռիթմի հետ միաժամանակ լսել ճոճվող սրտին, ինչի վրա սովորաբար նստած է լինում հենց այդ ամբոխը, այն մարդկանց  կույտը, որի մեջ բոլորն առանց հերթի խոսում են, ծիծաղում, լալիս, բողոքում և խելագարեցնում...
Լիակատար լռություն չկա, ամեն մի լռություն լսելի է: Լռությունը, մեր զուսպ շուրթերը խոսում են ու ասում հենց այն, ինչն իրականում մենք չենք կարողանում արտաբերել բառերով, վախից սիրտը կուչ է գալիս, ու բառերը կծկվում են կոկորդում` մարդկանց դեմքերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել