Ինչ որ հոգնել եմ քաղաքական հարցերին անդրադառնալ, որոշել եմ մի որոշ ժամանակ քննարկել հասարակական-հոգեբանական հարցեր։ Էս անգամ էլ մտածում էի մեր հայ աղջիկների մասին։ Ավելի կոնկրետ, այն չափորոշիչների, որոնք էլ ավելի գրավիչ ու հետաքրքիր կարող են դարձնել ինչ որ աղջկա ինձ համար, բացի արտաքին տվյալներից։
Գաղտնիք չի, որ գոյություն ունի հայ աղջկա կերպարի մի արխիտիպային կարծրատիպ, որին բնորոշ է զուսպ, համեստ ու հեզ բնավորությունը։ Ինքնին այս կարծրատիպի մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն ինչպես և շատ այլ հարցերում, այստեղ ևս տեղ է գտել կարծրատիպի ծայրահեղացում հասարակության մեջ։ Մասնավորապես, կա մի քանի հանգամանք, որոնց արժի անդրադառնալ։
Նախ, ինչպես և շատ այլ պարագաներում, այս արխիտիպային կարծրատիպը փորձում են «փաթաթել» անխտիր բոլորի վզին, անկախ նրանից, թե տվյալ մարդը ինչքանով է իրականում հոգեհարազատ համարում նման բնավորության գծերով տեր մարդուն։ Ծայրահեղացումը հենց դրա համար էլ կոչվում է ծայրահեղացում, որ եթե Աստված չանի ինչ որ մի աղջիկ փորձի իրեն դրսևորել այս չափորոշիչների առանցքից դուրս, ապա միշտ կգտնվեն նրան դրա համար քարկոծելու պատրաստ մարդիկ, հատկապես այն աղջիկների/կանանց թվից, ովքեր սրբորեն պահում են «գեղի չպաչած աղջկա» ամպլուան։
Մյուս հանգամանքը, որին ուզում եմ անդրադաառնալ, դա վերոնշյալ հեզության, զսպության ու համեստության խեղաթյուրումն է, որովհետև երբ լսում ես, թե այս տեսակետին հարող որոշ մարդիկ ինչպես են սահմանում այս առաքինությունների իրենց ընկալումը, ապա հասկանում ես, որ ի՞նչ հեզություն, ի՞նչ բան, իրանց ուզածը հլու-հնազանդ ու անողնաշար ստրուկնա։ Ցավալի է, բայց փաստ, որ մեր հասարակությունում շատ մարդիկ չեն հասկանում, որ նշված առաքինությունները լավ բան են, բայց կան նաև այլ բաներ, որոնք մարդուն գեղեցկացնում են. ազատություն, մարդամոտություն, ընկերասիրություն, հումորի զգացողություն և այլն։
Որպես ամփոփում, կարող եմ ասել, որ անձամբ ինձ ավելի հոգեհարազատ է համարձակ բնավորությամբ աղջկա կերպարը, քանի որ համարձակությունը խորհրդանշում է մարդու անձնական ազատությունը, ինչպես նաև պատասխանատվության զգացումը, իսկ այս բնագծերը ինձ համար առանցքային են, հատկապես եթե խոսքը գնում հարաբերություններ կառուցելու մասին, քանզի փորձս ինձ հստակ ցույց է տվել, որ չի կարելի ամուր հարաբերությունների կառուցել ողջ պատասխանատվությունն ու որոշման իրավունքը կենտրոնացնելով միայն կողմերից մեկի վրա։ Հետո էլ, ասեմ Ձեզ, միշտ ավելի հետաքրքիր է համարձակ, երբեմն անգամ խենթությունների պատրաստ մարդ ունենալ կողքիդ, քան թե իներտ ու չխոսկան մեկին, բայց սա իմ նեղ սուբյեկտիվ կարծիքն է, որը չի հավակնում ունիվերսալ լինելուն։