Հրապարակից Նալբանդյանով բարձրանում էի։ Սախարովի հրապարակ չհասած` մեքենայի անիվների ճռռոց լսեցի։ Շրջվեմ, տեսնեմ մի սպիտակ «զրովեց» վերջին պահին որոշեց կարմիրի տակ կանգնի։ Հենց դիմացով տարեց զույգ էր անցնում, որը ահագին վախեցավ։ «Զրովեց»-ի ետևից կպած գալիս էր պետավտոտեսչության մեքենան։ Մտածեցի` կլսեմ ծանոթ «սբիդագ զրովեց, անցի աջ քաշի, կանգնի, արա»։ Չլսեցի։ Էդ պահին զույգն արդեն «զրովեց»-ի դիմացն ազատել էր, բայց մեքենաների համար դեռ կարմիր էր։ «Զրովեց»-ը, տեղից ճռռացնելով, կարմիր լույսն արհամարելով պոկվեց, ու Նալբանդյանով քշեց֊սլացավ վերև։
Էս պահը շրդադարձային ա պատմությանս մեջ։ Ֆիքսեք սա, խնդրում եմ։
Ոստիկանության մեքենան պոկվեց «զրովեց»-ի հետևից։ «Զրովեց»-ը չէր ենթարկվում կանգնելու ազդանշաններին։ Խիզախ ոստիկաններից մեկը ղեկն էր բռնել, մյուսը պատուհանից դուրս թռավ ու աջ ձեռքով կախվեց «զրովեց»ի հետևի շիթից։ Ծնկներն արյունլվա էին։ «Զրովեց»-ից կրակում էին ոստիկանների ու խաղաղ անցորդների վրա, ոստիկանը, անձնազոհաբար կրծքով փակելով զրովեցում տեղադրված դզոտը, ձեռքի նռնակը հասցրեց ներս գցել «զրովեց»-ի դզոտի դիտանցքից։ Մարդկային մսի կտորտանքները թռնում էին Սախարովի կիսանդրու վրա ու մրգերի ֆրեշ պատրաստող միքսերի մեջ՝ նարնջի ֆրեշին արնահամ հաղորդելով… Մյուս ոստիկանը, թողնելով մեքենան, թռավ ու փաթաթվեց «զրովեց»-ի դիմացի ակին։ Մեքենան կանգնեց։ Վառված ռեզինի հոտն ու մսի ճենճահոտը խառնվել էին իրար։ Խախտում կատարողները, սակայն, վնասազերված էին։ Բոսոր արևը մայր էր մտնում՝ Սախարովի կիսանդրու ստվերը երկարելով մինչև վնասազերծված օրինախախտների դիերը…
Սա հնարավոր ելք էր։ Իսկ հիմա վերադառնանք էն վերևի ֆիքսված կետին, որտեղից պատմությունն, ավաղ, իրականում ուրիշ՝ ավելի սպասված ընթացքով գնաց։ Էս տարեց կինը ոստիկանի բաց պատուհանից սկսեց սրանց շատ տեղին պախարակել, թե՝ այ դառմայեդներ, ինչ եք աչքներդ չռել վրես նայում. էն ավտոն կարմիր լույսի տակ աչքներիդ դեմն անցավ գնաց, իրենց էլ քիչ էր մնում տակը գցեր։ Ոստիկանները մի տաս-տասնհինգ վայրկյան մարսում էին տեղեկատվական էդ հոսքը, հետո արագ կողմնորոշվեցին իրավիճակում ու, կարմիրի տակ գազ տալով, քշեցին առաջ։ Ես արդեն ուզում էի մտածել, որ հեսա երկար սպասված «խշ...խշ… սպիտակ զրովեց, աջ քաշի...»-ն կլսվի, էն էլ ոստիկաններս, թե չորս ակ ունեին, մի չորսն էլ փոխ առան ու, աջ թեքվելով դեպի Վարդանանց փողոց, արանքը ճղեցին։
Էս իրական հիմքով ու երկակի ընթացքով առակս կցուցանե հետևյալը. «զրովեց» կա՝ «ծիծակ համարներով յաշիկ բրաբուս» արժի, ոստիկան կա՝ իր ուսադիրները չարժի։ Ֆեյսբուքից ընկավ երեք ստատուս՝ մեկն իմ կամրադներին, որ զեբրը կանաչ լույսով անցնելուց ուշադիր նայեն կողքները, նոր անցնեն (մալը լի), մեկը Գագիկ Շամշյանին, որ «ծիծակ համարներ» ու «յաշիկ բրաբուս» արտահայտությունները ներմուծեց բազմաչարչար հայոց լեզվում, մեկն էլ ինձ, որ հաջորդ անգամ հասցնեմ հեռախոսիս կամերան ժամանակին «խոդեմ», որ պատմություններս այսուհետ փաստերով համեմված լինեն։ Ողջ լերուք և բարին ընդ ձեզ։