* * *
Կարոտս հրաժեշտի չափ երկար,
չի ծերանում,
չի մահանում,
կարոտս՝ մի ցավ երկարակյաց,
ծանակում է ներկաս…
Բարձրանում է հոգնած ձեռքը կարոտի,
հեռացնում է իրարից թաց թարթիչներս-
աչքերս բացում,
կարոտի աչքերն այնքան հարազատ
տեղավորվում են հայացքիս ներսում…
Պահարանի վաղուց չբացված,
կիսաբաց դռնից,
քո շրջազգեստն է
ոտքերը կախել միայնակ,
դատա՜րկ,
կարոտս չի ծերանում,
կարոտս սպասում է համակ…
Մի ցավ է ճչում ժամանակի մեջ,
իր ետևից կանչում է մի ձայն,
կրկին հեռանում եմ ներկայից՝
կարոտս գրկումս սեղմած…
Հուշերիս անոթը դանդաղ
դատարկվում է,
ճաքե՞լ է, թե՞
ցնդում է անկապ,
անոթի հատակում մի ձեռք կանացի,
մատներն է սեղմում դառնացած…
Վազում է աչքս սենյակից սենյակ,
հպվում է դռան դիտանցքի
խունացած ապակուն,
հեռավոր հուշերի երազ-քաղաքում
մի կին է կրծքով
կերակրում պատանուն…
Կարոտը երկար է հրաժեշտի չափ,
ոչ սկիզբ կա, ու
ոչ էլ ավարտ, վատ սպասված,
լուսնի կիսադեմը աչքով է անում,
համբուրում է
կոպերս հոգնած…
…Արևն անհոգի, աչքերս է բացում,
ամոթխած կարոտս - շշնջում «Բարև»…
ծաղկած հոների փոքրիկ մի այգում,
ժպիտդ է թռչում
տերևից-տերև…
Ս.Ումառ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/559631484109825
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել