Lragir.am-ը գրում է.
Ողնաշարի վնասվածքը կարող է լրիվ կամ մասամբ կաթվածահար անել մարդուն: Ներկայում գիտնականները մշակում են մի քանի մեթոդներ այդ խնդիրը լուծելու համար: Հաճախ ողնաշարի կամ ողնուղեղի նյարդային կապերի վնասված մասերը իրար հետ միացնելու համար նրանք օգտագործում են ցողունային բջիջներ կամ էլեկտրոդներ:
Սակայն Ճապոնիայի Նիիգատի համալսարանի մասնագետները մշակել են լիովին նոր միջոց:
Նրանց կարծիքով, մեջքի վնասվածքի գլխավոր պատճառն այն է, որ ողնուղեղի վնասված մասերի վրա աճում են հյուսվածքներ, և այդ գործընթացի մեջ մեծ դեր է խաղում T1 սպիտակուցը: Ճապոնացի գիտնականները առաջարկել են, որ եթե այդ սպիտակուցն «անջատվի» մինչև կապակցող հյուսվածքների աճելը, ապա օրգանիզմը կարող է ինքնուրույն վերականգնել կապը նեյրոնների միջև:
Գիտնականները փորձել են մեթոդը մկների վրա. ջարդել են նրանց ողնաշարները, արգելափակել են T1 սպիտակուցի աշխատանքը, և հետեւել են, թե ինչպես է աճում նրանց ողնուղեղը: Փորձը դրական արդյունք է ունեցել: Փորձարկված մկները ոչ միայն չեն դարձել հաշմանդամ, այլև նրանց ճարպկությունն ու ֆիզիկական ուժը չի տարբերվել առողջ կրծողներից: