Կրթության էությունն ու ծրագրավորումը որքան կարծրացած, փակ, նեղմիտ է լինում, այնքան անհավանական է դառնում դրական փոփոխությունը: Նման կրթություն ստացած անհատները կառչում են իրենց թվացյալ ինքնությանը և երբեք այն հարցականի տակ չեն դնում: Նրանք մերժում են այն ամենն, ինչ իրենցից դուրս է, անծանոթ է, օտար է, վտանգ է ենթադրում իրենց թվացյալ ինքնության լինելիության համար: Սա ձևավորում է անհանդուրժող, վանող, մերժող մթնոլորտ, որը անհնար է դարձնում դրական փոփոխությունների հնարավորությունը: Նման անհատները սեփական ինքնության լինելիությունը պայմանավորում են դիմացինի լինելիության մերժման մեջ: Այս խմբերը սկսում են մերժել ուրիշին, այն ամենն, ինչ իրենցից դուրս է, ինչ սեփական փակ խմբից դուրս է, ինչ իրենց վախ է ներշնչում. նրանք այսպես ինքնահաստատվում են: Սա պարզապես չկայացվածության նշան է:

Մյուս տեսակ կրթությունը հիմնված է քննադատական մտածողության վրա. նմանօրինակ կրթություն ստացած անհատները ունակ են անընդհատ իրենց համոզմունքների կառուցվածքը հարցականի տակ դնելու: Սա շատ ծանր, դիսկոմֆորտ առաջացնող, ցավոտ գործընթաց է, սա շատ բարդ գործընթաց է: Եվ եթե դու պատրաստ չես ազատ ու քննադատական մտածողության` դու պատրաստ չես փոփոխությունների գործընթացի մեջ ներգրավվելու: Այսինքն, դու չես կարողանում տեսնել խնդիրը քո մեջ, քո համոզմունքները ճեղքելու, վերիմաստավորելու մեջ, նորը ճանաչելով, քեզ զարգացնելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել