Ես հասկանում եմ, որ շատերն իմ էս գրվածքը չեն տեսնի: Կամ էլ չտեսնելու կտան, որովհետև ուղղակի կապ կտեսնեն իմ ասածի ու իրենց արածի միջև: Բայց և այնպես...
Վանոյի անունն էդքան բերաններդ մի առեք: Խոսքս ուղղում եմ միայն ու բացառապես էն մարդկանց, ովքեր ժամանակին Վանոյի անունը որպես հայհոյանք էին օգտագործում իշխանության մասին կարծիք հայտնելիս, իսկ հիմա նույն Վանո Սիրադեղյանին էլի օգտագործում են, բայց արդեն սեփական յուրահատուկ լինելը ցուցանելու համար: Ձեզ համար ուրիշ ցուցիչներ գտեք, ինքնահաստատվելու այլ եղանակներ որոնեք, որովհետև Վանոն էն ծանրությունն է, որի տակից երբեմն անգամ իր ամենահարազատ ու մտերիմ մարդիկ չեն կարողանում դուրս գալ:
Իսկ դուք ո՞վ եք: Դուք ո՞վ եք, որ մարդուն մեկ պիտակավորում եք ամենաեղկելի մակդիրներով, իսկ հետո, երբ բարեհաջող փորձում եք ճամբար փոխել, նույն էդ Սիրադեղյանին հորջորջում եք «մարգարե»: Լավ, եթե բարոյականություն չունեք, վա՞խ էլ չունեք, որ մի օր ձեր ասածներից թե՛ առաջինի, թե՛ երկրորդի համար պատասխան են պահանջելու ու պատասխան չեք կարողանալու կարողանալու տալ, որովհետև, կրկնում եմ, Վանոյի ծանրության տակից ամեն մեկը չի կարող դուրս գալ: Թե՞ կարծում եք` անընդհատ մարդու անունը տալով, կկարողանաք նրա տաղանդից գոնե մի քիչ փախեփախ անել ու էդպես մարդ դառնալ: Ախորժակներիդ քացախ: «Շաքար» ասելով բերանի համը չեն փոխում՝ հատկապես էն դեպքում, երբ էդ բերանից անընդհատ գարշահոտ է եկել: Էդ ի՞նչ պատահեց, որ սրանից ընդամենը մի քանի տարի առաջ ձեր մութ ուղեղների բոլոր հնարավորություններն օգտագործում էիք մարդու անունը մունդռելու համար, իսկ հիմա Վանոյով փորձում եք բերաններ մաքրեք ու առաջադեմ մտավորական խաղալ: Մարդ եք, թե՞ դարձվորյակ:
Կամ քանի՞ գրոշի արժեք ունի ձեր էս «խրոխտ» պահվածքն էն դեպքում, երբ Վանոյի մեղքերի հազարերորդ տոկոսին անգամ տեր չեք կարողանալու կանգնել, որովհետև էդքան համարձակություն ու պլոճիկ չունեք: Լեշակեր եք դուք ձեր տեսակով ու մեռելապաշտ, քանի որ մեռելները շատ հազվադեպ են խոսում: Ու հենց դրա համար էլ ձեզնից յուրաքանչյուրը հոգու խորքում հույս ունի, որ մի օր կգա Վանոյի մահվան բոթը ու դուք, ձեր գիշանգղային էությունից ելնելով, նրա մարմնից մի կտոր կթռցնեք, կտանեք մի թաքուն տեղ կպահեք ու հետո, շատ տարիներ անց, կհայտարարեք, թե ոչ թե լեշ փախցնող եք, այլ մասունք փրկող: Ու կփորձեք ինքներդ ձեզ հերոսացնել ճիշտ էնպես, ինչպես դա անում էին Չարենցին, Թոթովենցին ու Բակունցին բզկտած մարդակերպները:
Չի ստացվի: Որովհետև ձեր տեսակը չի էլ հասցնելու պատմության դատաստանի առաջ կանգնել: Ձեզ դատելու են ձեր ժամանակակիցները՝ ձեր իսկ կենդանության օրոք, ու իրականացնելու ձեր տեսակի համար ամենածանր դատավճիռը՝ ձեզ մոռանալու են, դեռ չմեռած են մոռանալու: Ու եթե էս ամենը կարդացիք ու ասածներս գոնե մի քիչ հասկացաք, ապա կրկնեմ հարցս մի վերջին անգամ՝ ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ:
Լևոն Սարդարյան 13.11.2013
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/713253768698720
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել