Թշվառությունից դասեր քաղած անցյալս 
իր ուսուցչի աչքերով, 
խիստ, խոժոռ և դուրեկան, 
խառնում է ողջ հուշերս… 
… ու ես տասնութ տարեկան:
Հուշերիս մեջ ձեռագիր 

երկու տող կա խզմզած, 
հայտնվում է աչքերիս 
«Եկա չկայիր, տխուր հեռացա»:
Ո՞ւր էի արդյոք 
ի՞նչ էի փնտրում 
բացակա էի իմ իսկ անցյալում, 
ա՜խ, ջահել էի չէի հասկանում, 
չէի ընդունում, ընկեր բարեկամ,
սիրո՜ւմ էի քեզ…
…ու տասնութ տարեկան:

Հիմա հիվանդ է եղանակը 
տերևներն էլ դառնահամ, 
բայց իմ սիրտը դեռ տունն է քո, 
սպասում է քեզ դռնբաց:
Նուրբ մատներովդ բացիր դուռը ,
լցրո՛ւ անցյալիս մեկ օրը դատարկ ,
գիտեմ տատիկ ես դարձել վաղուց 
(մի՞թե դա է էական) 
…ես դեռ տասնութ տարեկան:

Արի՜, 
սիրտս մռնչում է, 
խուլ տարիների տակ համրացած ,
արի՜, 
օրերս շարան չեն դառնում, 
հնչյուններ են սսկված:
Ապրածս տարիները այսօր փոխում եմ, 
անցյալի մեկ օրվա հետ, 
այսօր քամին է տխրադեմ 
խաղում սրտիս դռան հետ:

Երեկոն այսօր վայրի է, 
կիսմութն էլ գույն չունի 
դող եմ լսում ես սրտի, 
մթում կորած գաղտնիքների 
ձայն եմ լսում մեկուսի, 
անսովոր հույս, 
հոգի և լույս ,
ոչ չեմ սխալվում և այս անգամ 
ե՛ս եմ, 
ե՛ս եմ, իմ անցյալում, 
…ու տասնութ տարեկան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել