Hartak.am-ը գրում է.
Անկեղծ ասած` այս հոդվածի թիրախը Մարգար Օհանյանը չէ, ուղղակի նա շատ հարմար թեկնածու է, որպեսզի ցույց տալ մեր որոշ պետական պաշտոնյաների իրական էությունը: Նախապես ասեմ, որ այս նյութը մի նպատակ է հետապնդում. հասկանալ, թե ինչպես են կարողանում մեր որոշ պետական այրեր, նույնիսկ երկար ժամանակ չաշխատելով, շարունակել վայելել կյանքը` իր բոլոր հաճույքներով: Այսօր սովորականի պես թերթում էի մամուլը և կանգ չէի առնի, եթե աչքովս չընկներ հետևյալ վերնագրով ակնարկատիպ հոդվածը` «Մարգար Օհանյանը վերադարձել է Դուբայից»: Ստացվում է, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ով ի դեպ նոր էր ազատվել կալանավայրում իր հասանելիք պատիժը կրելուց, վերադարձել է Դուբայից: Այս հոդվածի հեղինակին հետաքրքրում էր, թե ում հետ է նա անցկացրել իր հանգիստը, քանի որ մինչ այդ խոսակցություններ էին պտտվում, որ նա այնտեղ հանգստանում է որոշ օլիգարխների հետ…
Սակայն անձամբ ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում, իմ համար ավելի ակտուալ է այն փաստը, թե ինչպես է հաջողվում նախկին ոստիկանապետին, տարիներ շարունակ գտնվելով անազատության մեջ, այսինքն` այդքան տարի բացի ծախսելուց գումար չաշխատելով, այնումենայնիվ, վայելել կյանքը հարուստ մարդկանց ոճով: Այս ամբողջ պատմության զավեշտն այն է, որ դեռ մի քանի օր առաջ, երբ խոսում էի իմ լավ գիտնական բարեկամի հետ, նա ասաց, որ հիվանդ է, սակայն շարունակում է գնալ աշխատանքի /այստեղ նա նկատի ուներ իր երկրորդ աշխատավայրը, որտեղ ճարահատյալ բանվոր էր աշխատում/, քանզի եթե մեկ օր չաշխատի, ապա իր ընտանիքը սովի կմատնվի: Ես քաջ գիտակցում եմ, որ ի սկզբանե զուգահեռներ անցկացնելը գիտնականի և Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի միջև սխալ է, քանի որ ի տարբերություն գիտնականի մասնագիտության` Մարգար Օհանյանի նախկին պաշտոնի անսահման հնարավորությունները թույլ է տալիս, որպեսզի նույնիսկ պատժվելուց հետո նա, ձեռքերը ծալած, վայելի իր կյանքը: Ես հիմա գրում եմ այս հոդվածը և հասկանում, որ այն կարդալուց հետո որոշ մարդիկ կասեն. «Ի՞նչ եք ընկել խալխի փողերը հաշվում, միգուցե նրա բարեկամներն են նրան օգնում, միգուցե նա բիզնես ունի, միգուցե, միգուցե…»
Իհարկե միգուցեներով կարելի է արդարացում գտնել յուրաքանչյուր երևույթի, սակայն փաստը մնում է փաստ` գիտնականը չի կարողանում նույնիսկ մեկ օր առանց աշխատանքի յոլա գնալ, իսկ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը Դուբայից վերադառնալուց, խոսելով առաջիկա անելիքների մասին, ասել է, որ դեռ հանգստանում է և որոշ ժամանակ անց կխոսի առաջիկա անելիքների մասին: «Ամեն ինչ նորմալ է, պարզապես դեռ ցանկանում եմ հանգստանալ... »