A1plus.am-ը գրում է.

Ոստիկանության պարզաբանումը

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նոյեմբերի 11-ի նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հանդիպում պատգամավորների հետ և անհրաժեշտ բացատրություններ չեն տալիս, մասնավորեցնելով, թե «Արաբկիրի ոստիկանապետը՝ Ամիրխանյան Գրիշան, չի հանդիպել՝ հակառակ նրան, որ հավաստիացումներ տվեց»:

Իրականում տեղի է ունեցել հետևյալը:

Նոյեմբերի 10-ին, ժամը 22.55-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահը կապվել է բաժնի պետի հետ` հայտնելով, որ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ընդունելություն է խնդրում: Այդ պահին բաժնի անձնակազմի հետ խորհրդակցություն անցկացնող Գրիշա Ամիրխանյանը հանձնարարել է պատգամավորին փոխանցել իր խնդրանքը` սպասել խորհրդակցության ավարտին, որից հետո կհանդիպի նրան: Որոշ ժամանակ անց` ժամը 23.06-ին, Լ. Զուրաբյանը զանգահարել է բաժնի պետի բջջային հեռախոսին ու պահանջել է ընդունել իրեն: Բաժնի պետը կրկնել է, որ խորհրդակցություն է ընթանում, և հավաստիացրել, որ ավարտից հետո կընդունի նրան: Լ. Զուրաբյանն այս անգամ պահանջել է դադարեցնել խորհրդակցությունը և ընդունել իրեն, ինչը ոստիկանության բաժնի պետը մերժել է և խնդրել սպասել:

Մոտ 40 րոպե անց, խորհրդակցության ավարտից հետո, ոստիկանության բաժնի պետը հերթապահ ոստիկանին հրահանգել է ներս հրավիրել Լևոն Զուրաբյանին, բայց վերջինս այնտեղ չի եղել` ոչ ոստիկանության բաժնի տարածքում, ոչ էլ շրջակայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել