1in.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր այցելել է իր պաշտպանյալին, ով գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: 

«Նախօրեին Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, հիմա դեպի լավն է գնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը: 

Անդրադառնալով 3D մոդելավորված տարբերակի վերարտադրությանը, որը պատմելու է վթարի մասին ամբողջ իրականությունը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Ուղղակի անժխտելի ապացույցներ ունենք, և որպեսզի 100 տոկոսանոց ճշգրտությամբ նկարագրեմ ինչ է տեղի ունեցել, պետք է մոդելավորենք և նոր մոդելավորված վիճակում հանրությանը ցույց տանք»: Նա նշեց, որ իրենց դեռ չեն տրամադրել դատաբժշկական փորձագետի եզրակացությունները, և հիմա իրենք փորձում են հատկապես մամուլի միջոցով ճնշում գործադրել ապացույցները ստանալու համար, որոնք օրենքով հասանելի են: Այս ամենին ծանոթանալուց հետո կմոդելավորեն նաև, թե մեքենաների ներսում երեխաներից ով որտեղ է նստած եղել և ինչն է հանգեցրել մեքենաների բախման:

Պատասխանելով մեր հարցին, թե անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է «Նիվա»-ի վարորդն է մեղավոր եղել, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դեռ վաղ է նման հետևություններ անելը. «Մենք չենք ուզում մեղավորության հարցը լուծել, այլ ուզում ենք օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտենք: Մեղավորության հարցը դատարանը թող որոշի»:

Փաստաբանը պնդեց, որ Վարդան Պետրոսյանի ձերբակալությունը կամայական որոշում էր, և սա պետք է դաս լինի բոլոր պաշտոնատար անձանց, քննիչներին, դատախազին, որ քանի դեռ չկա փորձագիտական եզրակացություն, չի կարելի մարդուն ձերբակալել, որովհետև հնարավոր է՝ փորձագիտական եզրակացությունը տա ոչ այն պատասխանը, որն իրենք ակնկալում են:

«Քանի որ բացարձակ իրավական հիմքեր չկան նրան կալանքի տակ պահելու, ավելին՝ ի վերջո տուժող կողմը նույնպես գիտի ճշմարտությունը՝ ինչ է տեղի ունեցել, Վարդանը գիտի, ես գիտեմ: Ունենալով այս ամբողջ ինֆորմացիան՝ կարծում ենք, որ իրեն կազատեն մինչև Վերաքննիչ դատարան մտնելը»,- ասաց նա:

Այն դիտարկմանը, թե բախման հետևանքով զոհված եղբայրների քույրը նշում է, որ անվտանգության երկու բարձիկները բացված են եղել, իսկ դա կարող էր լինել մեծ արագության դեպքում, փաստաբանը պատասխանեց, որ եթե անգամ ավտոմեքենային ուղղակի ոտքով հարվածես՝ բարձիկները կարող են բացվել: Ըստ նրա՝ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ շատ չնչին ուժգնությամբ հարվածի դեպքում: Երկու մեքենաների բախման պահին մինիմալ արագությունը եղել է 71 կմ/ժամ, բայց, փաստաբանի խոսքով, դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունենք: Փաստաբանը նշեց, որ տուժածների ներկայացրած բոլոր փաստերը փորձաքննության ժամանակ հերքվել են: 

Նիկոլայ Բաղդասարյանը միանշանակ համոզված է, որ խափանման միջոցը պետք է փոխվի: Նա հարյուրավոր նամակներ է ստացել տարբեր մարդկանցից, ովքեր առաջարկում են երաշխավորագիր: Դրանք փաստաբանը պատրաստվում է դատարան ներկայացնել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենան հարվածել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, որի մեջ 6 հոգի էին եղել: Նրանցից երկուսը՝ 16-ամյա Էդուարդն ու Էդգարը մահացել էին:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել