Pastinfo.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը քիչ առաջ է հանդիպել Վարդան Պետրոսյանի հետ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիշալյանը: «Ինքն իրեն վատ չէր զգում, համեմատաբար լավ էր զգում, այդ պահին առողջությունից չէր բողոքում»,- հայտեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՄԻՊ ներկայացուցիչը խոսել է նաև Վարդան Պետրոսյանի նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկների հետ: «Բժիշկները վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության»,- հավելեց ՄԻՊ խոսնակը: Ի դեպ, քանի որ արդեն կա հարուցված քրեական գործ, օրենքն արգելում է պաշտպանին որևէ միջամտությամբ, գնահատականով կամ կարծիքով հանդես գալ: Ուստի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերաբերյալ որևէ գնահատական ՄԻՊ գրասենյակն այլևս իրավասու չէ տալ` մինչև դատաքննության ավարտը` չնայած այս հարցով ստացված դիմումների առկայությանը: Իսկ մեր հարցին, թե այս պարագայում ի՞նչ արդյունք տվեց դերասանին դատապարտյալների հիվանդանոցում ՄԻՊ խորհրդականի կատարած այսօրվա այցը, Ն.Կարմիշալյանն այսպես պատասխանեց. «Գնացին տեսան, որ բոլոր հիմնական միջոցները տրամադրված են, պայմաններն ապահովված են, այսքանով այցը կարելի է արդյունավետ համարել»: Հիշեցնենք` Վարդան Պետրոսյանը դատապարտյալների հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 9-ին, դատարանի դահլիճից, այն բանից հետո, երբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք: