Նախկինում փաստացի ստացվում էր, որ երեխաները մեծահասակներից ստանում էին միայն այն գիտելիքը, ինչը մեծերը համարում էին ճիշտ: Բայց սրան զուգահեռ երեխաները  որոշ կցկտուր, բայց այլ տեսակի գիտելիք էին կուտակում նաև բանավոր խոսքի միջոցով: Օրինակ՝ բոլորս էլ գիտենք, որ սեռական կյանքի մասին գիտելիքները երեխաները ոչ թե դպրոցում էին ստանում, այլ բակերում, ինչը, սակայն,  հաճախ դիցաբանական մակարադակի գիտելիք էր լինում: Այսօր պատկերն այլ է. արտաքին կողմից փաստացի ստացվում է, որ երեխաները նորից հաճախում են դպրոց, նստում են աշակերտական աթոռներին, լսում են մեծերին, բայց եթե տեսնենք, թե նրանք ինչպե՞ս են լսում մեծերին, պատկերը լրիվ կփոխվի: Եթե նախկինում աշակերտները աչքերով վերև էին նայում, որովհետև երազում էին ուրիշ բաների մասին և առանձնապես չէին լսում դասատուին, հորանջում էին, ապա այսօր նրանք աչքերը ոչ թե վերև են ուղղում, այլ՝ ներքև, որովհետև սեղանի տակ սմարթֆոն կա: Ստացվում է, որ երբ դասատուն ինչ-որ դերբայական դարձվածի մասին է խոսում, երեխան այդ ժամանակ համացանցում է և կարդում է իր հասակակիցներին: Փաստորեն՝ մենք մտել ենք մի դարաշրջան, երբ մեծերը նորից շարունակում են կրթել փոքրերին ավանդական ճանապահով, բայց իրականում փոքրերը ստեղծել են սեփական միջավայրը, և գիտելիքը շրջանառվում է այդ միջավայրում: Սակայն շատ մեծ հարց է, թե ինչպե՞ս է այդ գիտելիքը մտնում այդ միջավայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել