1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է գտնվում Գարիկ Սաֆարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննել ու դատավճիռ է կայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 21-ամյա Գարիկը շուրջ 7 տարի ընկերություն է արել մի աղջկա՝ Դ.-ի հետ (սկզբնատառը փոխված է): Բայց երբ ցանկացել է ամուսնանալ, աղջիկն ու մայրը դեմ են արտահայտվել:

Աղջկա մայրն ասել է, թե իր դուստրը սովորում է մանկավարժականում և միայն ուսումն ավարտելուց հետո կարող է ամուսնանալ: 

2013 թվականի փետրվարի 25-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկն իր հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել աղջկան՝ հայտնելով, թե դրսում նվեր է թողել նրա համար, թող դուրս գա ու վերցնի:

Այդ օրը Գարիկը մտադրվել է առևանգել աղջկան: 

Այդ մտադրության մասին, ըստ դատական ակտի, նա ոչ ոքի չէր հայտնել: Իր ընկերոջը խնդրել էր, որ նա մեքենայով գա, իրեն ու ընկերուհուն տանի քաղաք: Մյուս ընկերոջն էլ խնդրել էր իրեն ու ընկերուհուն տրամադրել քաղաքում վարձակալած բնակարանը:

Գարիկն ընկերներին ասել էր, թե ինքն ու ընկերուհին ուզում են ամուսնանալ, բայց աղջկա մայրը դեմ է, իրենք էլ որոշել են ամուսնության նպատակով հեռանալ: Գարիկն ասել էր նաև, թե ընկերուհին ցույց է տալու, ձևացնելու է, որ իր կամքին հակառակ են փախցնում՝ ավանդույթին հարազատ մնալու համար: Իսկական «Կովկասի գերուհի»:

Փետրվարի 25-ի երեկոյան Գարիկը թաքնվել ու սպասել է աղջկա տան բակում: Նա ընկերներին ասել է, որ երբ ինքն ու աղջիկը դուրս գան ճանապարհ, նրանք մեքենայով մոտենան ու միասին հեռանան:

Աղջիկը երեկոյան դուրս է եկել տնից, որ գնա բակում գտնվող զուգարան: Բակ է դուրս եկել, մտել բաղնիք, ապա այնտեղից ելնելով՝ ցանկացել է դուռը փակել, բայց ձայն է լսել: 

Շրջվել ու տեսել է Գարիկին: Վերջինս ասել է՝ ես եմ, չվախենաս: Մոտեցել է աղջկան, երկու ձեռքով գրկել ու քաշքշելով, հրելով տարել դեպի բակի կողքով անցնող ճանապարհ:

Մայրը դստեր ձայնը լսելով՝ տնից դուրս է եկել, փորձել է թույլ չտալ, որ Գարիկը տանի նրան: Բայց գետինը սառցակալած է եղել, մայրը վայր է ընկել ու չի կարողացել խոչընդոտել աղջկան փախցնելուն:

Երբ Գարիկն ու աղջիկը հայտնվել են ճանապարհին, ընկերը մեքենան մոտեցրել է, Գարիկը հրելով մեքենա է նստեցրել աղջկան ու տարել է քաղաք:

Աղջկա մայրը կատարվածի մասին անմիջապես հաղորդում է տվել ոստիկանությունում, ապա հայտնել է իր եղբորը:

Աղջկա քեռին հեռախոսազանգով իմացել է, թե որտեղ է աղջիկը, նրան վերադարձրել է տուն:

Գարիկ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը երիտասարդ է, ընտանիք կազմելու ցանկություն է ունեցել, վատառողջ է, որի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, կատարածի համար զղջացել է:

Ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Սաֆարյանին մեղավոր է ճանաչել, դատապարտել 2 տարի ազատազրկման, ապա պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել 1 տարի փորձաշրջան: Դատապարտյալի վրա պարտավորություն է դրվել՝ չփոխելու մշտական բնակության վայրը:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը: Նրա կարծիքով՝ դատարանը պայմանական դատապարտություն չպետք է կիրառեր: Ամբաստանյալ Սաֆարյանը պետք է դատապարտվեր իրական ազատազրկման, ըստ մեղադրողի՝ 2 տարի 6 ամիս ժամանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել