BLogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Վարդան Պետրոսյանն իհարկե մեծ հայ է ու ոչ ոք երբեք չի կարող ուրանալ նրա վաստակը անկախ այն բանից, թե ինչ պատմությունների մեջ նա կընկնի: Բայց այն մթնոլորտը, որը ձևավորվում է արվեստագետի հետ կապված վերջին դեպքերի շուրջ, ինձ մտորելու լուրջ տեղիք է տալիս:
Կատարվածը ցավալի է ու նույնիսկ, եթե Պետրոսյանը նստի նմանատիպ հանցանքների համար նախատեսված առավելագույն ժամկետը՝ 10 տարի, միևնույն է զոհված երկու երիտասարդի կյանքը վերադարձնել չենք կարողանալու:  Բայց արդյո՞ք այս փաստը բավարար է, որ սկսենք պահանջելը, որ Պետրոսյանին ազատ արձակեն: Ցավոք մի երկրում ենք ապրում, որտեղ օլիգարխ ու օլիգարխի զավակ մարդ են սպանում ու չեն նստում: Բայց արդյո՞ք ճիշտ է սկսել պահանջելը, որ այդ դեպքում Վարդանն էլ չնստի:  Իհրակե, գուցե համեմատությունս քարկոծվի, բայց այդ դեպքում պահանջենք, որ չնստի նաև այն մարդը, ով ինչ-ինչ բացատրելի դրդապատճառներով խանութ է թալանել, չնստի նաև նա, ով թմրադեղի գործ է անում իր տունը պահելու համար... Իսկ ո՞վ է կոմպենասացնելու խանութատիրոջ վնասները, իսկ ո՞վ է հետ բերելու այդ նույն թմրադեղից կործանված ընտանիքների զավակներին... Սուբյեկտիվ զգացողություններով առաջնորդվելով չէ, որ պետք է դատել, կամ ներում շնորհել մարդկանց: Կա հստակ ամրագրված օրենք, որը չի կարելի շրջանցել ինչ էլ որ լինի: Հակառակ դեպքում դադարելու ենք երկիր կոչվել:  
Հասկանալի մեխանիզմ է՝  իշխանավորներն իրենց մարդկանց են պաշտպանում, իսկ ժողովուրդը` իր զավակներին, բայց որքանո՞վ է այսօր Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու համար պայքարող քաղաքացին արդար վարվում պետության ու օրենքի նկատմամբ: Նա դրանից հետո կուզի՞ ապրել մի երկրում, որտեղ մարդ սպանողները չեն պատժվում (Վարդանի մեղքը դեռ ապացուցված չէ):

Նույնիսկ մեկի չպատժված զավակի դեպքը տեսնելուց հետո մեր պահանջը ոչ թե պետք է լինի օրենքի համատարած չկիրառումը, այլ ընդհակառակը՝ կիրառումը բոլորի համար: Մեր պայքարը միայն ու բացառապես սրա համար պետք է լինի, այլապես կանցնենք խիստ վտանգավոր մի սահման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել