ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 6-ից 8-ը կազմակերպել էր այցելություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված գյուղեր: Ծրագրված էին այցելություններ գյուղեր, դպրոցներ, զորամասեր, հանդիպումներ գյուղացիների ու զինվորների հետ: 
Արցախը ևս մեկ անգամ տեսնելու մեծ ոգևորությամբ ես էլ ճանապարհ ընկա մի խումբ ուսանողների հետ: Եվ ահա երկարուձիգ ճանապարհն անցնելուց հետո երեկոյան ավտոբուսը մեզ հասցրեց Քաշաթաղի շրջան, գյուղ Մխանց: Առավոտյան մեր առջև բացվեց լքված ու կիսավեր գյուղի տխուր, բայց հպարտ ու հաղթանակած պատկերը:Երևի ոչ մի առավոտ այդքան խաղաղ չէր եղել իմ կյանքում կամ երևի թե ոչ մի առավոտ այդքան չէի կարևորել խաղաղությունը: 

Մաս 1 /այցելություն Աղաձորի միջնակարգ դպրոց/ 
«Յուրաքանչյուր մարդ այստեղ հերոս է:»

Քարքարոտ ճանապարհը մի կերպ հաղթահարելով՝ մենք հասանք Աղաձոր: Առավոտ էր…շատ սովորական մի առավոտ աշխարհի մյուս բոլոր մանուկների համար, բացառությամբ այս դպրոցի աշակերտների: Այսօր տոն էր նրանց համար. Երևանից մի խումբ ուսանողներ գրքեր ու նվերներ էին բերելու իրենց: Դպրոցի կոլեկտիվը մի աննկարագրելի ջերմությամբ դիմավորեց մեզ: Մեզ հրավիրեցին ուուցչանոց, որը միևնույն ժամանակ ծառայում էր և որպես տնօրենի սենյակ, և դասասենյակ: Դպրոցի տնօրենը՝ Լուսիկ Հարությունյանը, պատմեց, որ դպրոցը հիմանդրվել է 2006 թվ., ունի 7 դասարան: Հիմնական խնդիրներից նա նշեց ջրի բացակայությունը, շենքային պայմանները և պետական աջակցության պակասը: Եվ այսպիսի պայմաններում դպրոցի աշակերտները հանրապետական օլիմպիադաներում ու մրցույթներում միշտ էլ գրավում են առաջատար տեղեր: Այնուհետև նա հավելեց. «Այստեղ յուրաքանչյուր մարդ՝ փոքր թե մեծ, հերոս է: Բայց մենք ուղղակի չենք գոյատևում, այլ ապրում ենք և հասնում հաջողությունների: Սա է կյանքի մեր բանաձևը»: 
Դպրոցում սովորում է 37 աշակերտ, յուրաքանչյուր երկուշաբթի դասերը սկսվում են ՀՀ և ԼՂՀ օրհներգերով, իսկ շաբաթ օրերը՝ տերունական աղոթքով: Այս դպրոց են հաճախում աշակերտներ նաև հարևան գյուղերից, ինչը տնօրենի խոսքերով՝ խոսում է իրենց կրթական բարձր մակարդակի մասին: Մինչ տնօրենը մեզ հասցրեց պատմել այս ամենը, հնչեց զանգը, երեխաները հավաքվեցին միջանց-դահլիճում, ու սկսվեց «տոնը»: 
Խաղաղություն, հույս, պայքար, սեր, կամք… մարդկային ամենավեհ արժեքները կարելի էր գտնել այս երեխաների աչքերում:
« Դուք դեռ շատ տեղեր կայցելեք, բայց այն,ինչ կտեսնեք այստեղ, ուրիշ ոչ մի տեղ այլևս չեք տեսնի»: Սա մեզ ուղղված ողջույնի խոսքի ամենաազդեցիկ տողն էր: Պատահական ընտրած չէին նաև նրանց բանաստեղծությունները՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», «Հայոց լեռներում», «Ամենից լավ տունը», «Ես իմ անուշ Հայաստանի»: Միշտ մտածում էի, որ ոչ մեկը չի կարող «Ես իմ անուշ Հայաստանի» ասմունքելիս այնպես հուզել, ինչպես Խորեն Աբրահամյանը: Բայց դպրոցի խարխուլ միջանցքում այն այլ հնչեղություն ստացավ իրականի ու անիրականի սահմանագծին ապրող մանուկների շուրթերին: 
Իսկ հետո մենք հայտարարեցինք շարադրությունների մրցույթ «Ո՞րն է իմ հայրենիքը» թեմայով: Արդյունքները ավելին էին, քան մենք սպասում էինք: Պարզ, հասարակ, կեղծ ու ճոխ բառերից ազատ այս շարադրությունները արտահայտում էին նրանց մեծ սերն առ Հայաստան:
«Եվ մենք էլ պիտի պայքարենք, մենք էլ պիտի մեծանանք և մենք էլ ԶԻՆՎՈՐԻԿ դառնանք»: Շահնազարյան Հարություն, 4-րդ դասարան

«Այստեղ գտնվողներս մեր հայրենիքը շատ ենք սիրում և դա մենք կապացուցենք. Մի քիչ համբերություն»: Վարդանյան Վահե, 9-րդ դասարան
Դպրոցին գրքեր նվիրելուց զատ մի քանի շարադրությունների հեղինակներին ևս գրքեր նվիրեցինք, սակայն դրանք այնքան փոքր էին թվում մեզ, այնքան մեղավոր էինք մենք այդ պահին: Զարմանալի է, որ մենք մեզ մեղավոր էինք զգում բարեգործություն կատարելիս, կարծես հանցագործություն էիք կատարում… Բոլորիս շուրթերին նույն հարցն էր՝ ինչու՞ այսքան ուշացած, ինչու՞ այսքան չնչին:
Օրն ավարտվեց արդեն հարազատ դարձած դասասենյակ-ուսուցչանոցում, որտեղ մեզ սպասում էր մի «փոքրիկ» հյուրասիրություն: Ոչ մի ճոխ ու թանկարժեք հյուրասիրություն երբևէ այդքան ջերմ չէր եղել և չի էլ լինի: Փոխադարձ բաժակաճառերի ու շնորհավորանքների մեջ հատկապես հուզիչ էին դպրոցի ամենավագ ուսուցչի խոսքերը՝ «Դուք ձեր քաղաքում ունեք գումարի,նյութական արժեքների և այլ նման բաների կարիք, իսկ մենք՝ մարդկային վերաբերմունքի»: 

Խմբակային նկարից հետո մենք հրաժեշտ տվեցինք բարության ու խաղաղության այս կղզյակին: 
Ավտոբուսի շարժիչի ձայնը չէր խանգարում լսել երեխաների երգը՝

Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, 
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, 
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել