Hetq.am-ը գրում է.

Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 3 ժամ անց ավարտվել է Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մինչդատական նիստը: Այս պահին դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում, իսկ Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է: Դատարանի դիմաց գտնվող շտապ օգնության բժիշկներն այս պահին նրան օգնություն են ցուցաբերում:

Նիստի ողջ ընթացքում դատարանի դռան առջեւ կանգնած էին արվեստագետներ, լրագրողներ, մտավորականներ, ում առջեւ դուռը կողպված էր, եւ որեւէ մեկին ներս չէին թողնում:

Նիստից հետո լրագրողների հետ զրուցեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով նշեց, թե քննիչը հենց նիստի ժամանակ հրաժարվել է նախորդ 4 դրվագներից, իսկ փորձաքննությունների արդյունքները պատրաստ են եղել դեռեւս 4 օր առաջ, որոնք հիմք են տալիս ասելու, որ Վ. Պետրոսյանի մեղքը հաստատված չէ: 

Դատարանում ներկայացվել են նաեւ այլ նյութեր, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն: Այդ նյութերը մինչ դատավարությունը չեն ներկայացվել փաստաբանին, եւ առաջին անգամ հրապարակվել են դատարանում: Դա է պատճառը, որ դատարանի որոշումը կհրապարակվի մոտ 1-2 ժամ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել