1in.am-ը գրում է.
Ավստրալիայում Քվինսլենդի համալսարանի գիտնականները հետաքրքիր ուսումնասիրություն են իրականացրել: Ընկճախտով տառապող հաճախորդների տվյալների վերլուծության հիման վրա մասնագետներն աշխարհի քարտեզ են կազմել, որտեղ նշվում է այդ հոգեբանական հիվանդության տարածվածության աստիճանն աշխարհի տարբեր երկրներում: Այս մասին գրում է Globalscience կայքը:
Այսպես, Ռուսաստանում և Ուկրաինայում ընկճախտով տառապում է բնակչության 6-7 տոկոսը: Այս առումով ծանր է վիճակը Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքի երկրներում, որտեղ տվյալ ցուցանիշը գերազանցում է 7 տոկոսը: Վիճակը քիչ թե շատ մխիթարական է Ավստրալիայում և Չինաստանում: Այս երկրներում ընկճախտով տառապող բնակիչների ցուցանիշը 4 տոկոսից ցածր է:
«Ընկճախտն աշխարհում անաշխատունակության երկրորդ պատճառն է, և աշխարհի բնակչության մոտ 5 տոկոսի մոտ առկա է նման ախտորոշում»,- ասել է հետազոտության ղեկավար Քեյթլին Դյուին: