1in.am-ը գրում է.

Այսօր առավոտյան ժամը 10.00-ին Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանն առանց ծանուցում ուղարկելու ցանկացել է հարցաքննել Վարդան Պետրոսյանին, սակայն նա ասել է, որ առանց պաշտպանի չի կարող մասնակցել քննչական գործողությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: 

Նա նշեց, որ իրեն ևս ծանուցում չի եկել, իսկ քննչական բաժնի պետը չի սպասել, մինչև ներկայանա, փոխարենը հայտարարել է, թե ինքը խաշ ուտելու է գնացել, իսկ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է որպես մեղադրյալ ներկայանալու, որը իրականությանը չի համապատասխանում:

Նոր ժամ է նշանակվել առավոտյան 12-ը, սակայն քննչականի պետը եկել է միայն 1.30. «Մինչ օրս մեզ չեն ծանոթացրել գործի նյութերին և փորձագիտական եզրակացությանը, չեն ասել, թե ինչում են մեղադրում Վարդան Պետրոսյանին»:

Այժմ փաստաբանը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: 

Նշենք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել