Այս պատմությունը տեղի է ունեցել շատ վաղուց: Այն ժամանակ իմ կյանքում ամեն ինչ այլ էր: Ես մատուցող էի աշխատում սթրիփ ակումբում: Ես գոհ էի իմ աշխատանքից, քանի որ ակումբը շատ զվարճալի վայր էր ինձ համար: Այն հայտնի էր նաև լեզբուհիների շրջանում: Քանի որ այդ ժամանակ ես բացահայտել էի, որ բիսեքսուալ եմ, ես ինձ լավ էի զգում այդ ակումբում: Սակայն վեց շաբաթ աշխատելուց հետո ես այնտեղ հաճախ համակվում էի սարսափելի զգացողություններով, մատնվում էի խուճապի և ահավոր գլխացավեր էի ունենում: Ես այդ ամենը վերագրում էի աշխատանքիս լարված բնույթին: Ուրիշ ոչ մի տեղ ես նման զգացողություններ չէի ունենում:
Ակումբը թափթփված վայր էր, ոչ թե կեղտոտ էր, այլ պարզապես լի էր բազում իրերով, որ հազիվ էին տեղավորվում այդ փոքր տարածքի մեջ: Բեմի հետևում պահեստն էր, որտեղ կային զգեստապահարաններ ու հայելիներ, ինչպես նաև մի փոքր հանդերձարան պարուհիների համար: Հանդերձարանի կողքին մի այլ փոքր սենյակ կար, որը ևս կարող էր օգտագործվել զգեստափոխվելու համար, սակայն պարուհիներից ոչ մեկն էլ չէր մտնում այնտեղ: Այդ սենյակում ինչ-որ վանող բան կար: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու էի ես ինձ ճնշված զգում այնտեղ:

Ես հաճախ աշխատում էի մինչև ժամը չորսը կամ ավելի ուշ: Քանի որ անձնական մեքենա չունեի և հասարակական տրանսպորտն էլ չէր աշխատում այդ ուշ ժամին, ես ստիպված էի լինում սպասել մինչև մերկապարուհիներից մեկը ավարտեր իր աշխատանքը և ինձ մեքենայով տուն հասցներ: Հենց այս պատճառով հաճախ աշխատավայրում մնում էի պահանջվածից ավելի երկար:
Երբ նոր էի սկսել աշխատել, ես այդ ազատ ժամանակն օգտագործում էի տարբեր լրացուցիչ աշխատանքներ կատարելով. մաքրում էի տարածքը, կարգի բերում գույքը, սակայն որոշ ժամանակ անց ես սկսեցի հետս վերցնել գրքերս ու պարապել հանդերձարանի կողքի ազատ սենյակում (այդ ժամանակ ես նաև սովորում էի): Սակայն ինչպես նշել եմ, այդ սենյակում ես ինձ ճնշված էի զգում, ուստի որոշ ժամանակ անց ես ազատ պահերին պարզապես նստում էի բարում:
Մի անգամ ես մերկապարուհիներից մեկին պատմեցի, որ ինձ ճնշված եմ զգում հանդերձարանի կողքի փոքրիկ սենյակում, իսկ նա ասաց, որ այդ սենյակն իրեն էլ է վանում, սակայն շատ չխորացավ մանրամասնությունների մեջ:
Մի օր ես բաժակներ էի տանում այդ փոքր սենյակ, երբ ականջիս հասավ ամենասարսափազդու ձայնը, որ երբևէ լսել էի: Դա ասես սարսափ-ֆիլմից լիներ: Դա նման էր սղոցի ձայնի, որից հատակն ու պատերը դղրդում էին: Ես ցած գցեցի բաժակները և, սարսափահար ճչալով, հեռացա: Ինձ հետ աշխատող բարմենն ասաց, որ ինքն էլ է ինչ-որ ձայն լսել, սակայն նրա լսած ձայնը այդքան բարձր չի եղել: Նա ինձ հանգստացրեց` ասելով, որ հավանաբար ակումբի երաժշտական սարքավորումների հետ ինչ-որ բան այն չէ: Հետագայում ես այդ արտասովոր ձայնը լսեցի առնվազն հինգ անգամ, երբեմն այլ մարդիկ էլ էին լսում այն, իսկ երբեմն` միայն ես:
Երկու անգամ, երբ ես ինչ-որ գործով ստիպված էի մտնել այդ սենյակ, լույսերը թրթռացին, հետո ինչ-որ կարմիր լույս վառվեց: Այնպիսի տպավորությոյւն էր, ասես ինչ-որ մեկը հանել էր սովորական լամպը և կարմիր լամպ տեղադրել սենյակում: Երկու անգամն էլ ես դուրս վազեցի սենյակից ու բարմենին պատմեցի այդ ամենը: Նա մտավ սենյակ և տեսավ, որ լույսերը չեն վառվում, քանզի լամպը վառվել է: Որոշ ժամանակ անց ես սկսեցի չպատմել, թե ինձ հետ ինչ արտասովոր բաներ են կատարվում, քանզի վախենում էի, որ աշխատողները ինձ գժի տեղ կդնեին:
Ես այլևս երբեք այդ սենյակ չէի մտնում: Թեպետ մատուցող էի, ստիպված էի երբեմն կողմնակի աշխատանք կատարել լրացուցիչ գումար աշխատելու համար: Մի անգամ ես ավլում էի հատակը, հենց որ հասա այդ փոքր սենյակի մոտ, վախից սիրտս ավելի արագ սկսեց բաբախել: Ես չէի մտել սենյակ, սակայն դուռը բաց էր, ու ես տեսնում էի սենյակի ներսը: Ես չէի կարողանում հայացքս կտրել սենյակից, այնտեղ տեղադրված հայելու մեջ ինչ-որ արտացոլանք նշմարեցի: Մի քիչ մոտենալով` տեսա սև պատառոտված զուգագուլպաներով ոտքեր, որ ասես օդում կախված ճոճվելիս լինեին: Շուրջս ոչ ոք չկար: Ես ճչացի ու փախա այնտեղից: Հիմա արդեն համոզված էի, որ այդ սենյակում ժամանակին մերկապարուհի էր կախվել: Երբ մյուս աշխատողների ուղեկցությամբ ես վերադարձա այդ սենյակ, այնտեղ այլևս ոչ մի արտասովոր բան չկար: Պարուհիներից մեկը վստահորեն պնդում էր, որ սենյակում ոգիներ էին բնակվում, ու ես ինչ-որ մեկի ուրվականին էի տեսել: Նա ևս կարծում էր, որ այնտեղ ինչ-որ մեկն ինքնասպանություն էր գործել: Ես սիրում էի իմ աշխատանքը և շատ ընկերներ էի ձեռք բերել գիշերային ակումբում, սակայն շուտով ես աշխատանքից դուրս եկա, քանզի վախենում էի, որ այդ սենյակի մոտով անցնելիս կրկին կարող եմ ուրվականների տեսնել: Բարեբախտաբար, աշխատանքից ազատվելուց հետո ինձ հետ այլևս երբեք նման տարօրինակ բաներ չեն պատահել:



