Անգամ եթե չեք նախատեսում չափից դուրս մեծ գումար ծախսել հագուստի վրա, կան բաներ, որոնց վրա խնայել չի կարելի:
1. Ներքնազգեստ
Նախ անորակ ներքնազգեստը կարող է վնասել: Կրծքկալի սխալ ձևվածքը կարող է սեղմել և վնասել կուրծքը և հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացմանը: Այնպես որ, ներքնազգեստն անպայման պետք է լինի որակյալ և հարմարավետ: Հետո թանկ ներքնազգեստով դուք ձեզ ավելի վստահ ու գեղեցիկ կզգաք, և դա կտարածվի շրջապատի վրա:
2. Ջինսեր
Իհարկե, շուկայում շատ են Leviˊs, Wrangler, Gucci և այլ բրենդների էժանագին կրկնօրինակները: Բայց մի մոռացեք, որ դրանց որակը նույնպես ցածր է, այսինքն դրանք կկորցնեն օրիգինալի հետ իրենց նմանությունը հենց առաջին լվացումից հետո: Իսկ ահա հայտնի բրենդի իսկական ջինսերը, ընդհակառակը, երկար ժամանակ կպահպանեն իրենց գեղեցիկ տեսքը: Եվ հետո, որքան էլ գեղեցիկ լինի կրկնօրինակը, այն մնում է կրկնօրինակ:
3. Լավ կոշիկ
Որակյալ կոշիկը խոչընդոտում է ոտնաթաթի դեֆորմացիային, պաշտպանում է ոտքերը, հարմար է և երկարակյաց: Իհարկե խոսքը գնում է դասական կոշիկների, այլ ոչ դիզայներական խելահեղ մոդելների մասին: Հենց դասականը կփրկի նրանց, ովքեր ցանկանում են միշտ ոճային ու թանկարժեք տեսք ունենալ, բայց դրա հնարավորությունը չունեն: Ավելի լավ է գնել 1-2 զույգ որակյալ կոշիկ, քան պահարանը լցնել անորակ, բայց բազմաթիվ կոշիկներով, որոնք մեկ-երկու անգամ կրելուց հետո կորցնում են իրենց տեսքը:
4. Պայուսակ
Դժվար թե ինչ-որ մեկը չընդունի պայուսակի կարևորությունն ընդհանուր կերպարի մեջ: Զուսպ գույնի և ունիվերսալ ձևի գեղեցիկ կաշվե պայուսակը կօգնի բարձրացնել ձեր ստատուսը շրջապատի աչքին և ավելի ինքնավստահ զգալ: Թանկ պայուսակների ճարմանդները երբեք չեն փչանում, ներքին կտորները չեն պատռվում, մի խոսքով դրանք չեն կորցնում իրենց տեսքը անգամ տարիների օգտագործման արդյունքում: Ավելի լավ է գնել մեկ թանկ, բայց որակյալ պայուսակ, քան ամեն կես տարին մեկ գումար ծախսել հերթական էժանագին պայուսակի վրա:
5. Ժամացույց
Բավարար է թանկ ժամացույց կրել, և կերպարը որոշակի բարձր ստատուս է ստանում: Անգամ եթե հասարակ վերնաշապիկ կամ զգեստ եք կրում, թանկ ժամացույցն ավելի հետաքրքիր կդարձնի ձեր կերպարը: Իսկ ահա էժանագին ժամացույցները գցում են մյուս դետալների արտաքին տեսքը: Բացի այդ, ժամացույցը կոշիկ չէ, այն չի մաշվում, այնպես որ մեկ անգամ մեծ գումար ծախսելով, կստանաք մշտական ոճային աքսեսուար:
6. Ակնոց
Ժամացույցի պես ակնոցի գինը միանգամից երևում է, ինչն իր հերթին ազդում է ընդհանուր կերպարի ընկալման վրա: Որակյալ, դեմքի ձևին համապատասխան ընտրված ակնոցը կօգնի ոչ միայն ընդգծել դեմքի գեղեցկությունը, այլև թաքցնել փոքրիկ թերությունները:
Ինչպես տեսնում եք` ցուցակն այդքան էլ մեծ չէ: Բացի այդ բոլոր վերոնշյալ իրերը բավականին երկարակյաց են, այնպես որ դրանք գնելիս մի խնայեք: