Panorama.am-ը գրում է.
Իրանի և Ադրբեջանի սահմանում օրերս տեղի է ունեցել հերթական միջադեպը: Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ իրանական կողմից կրակ են արձակել սահմանային Փոլդաշթ բնակավայրում աշխատող մի տրակտորի ուղղությամբ: Այդ միջադեպից հետո Ադրբեջանը փակեց Փոլդաշտ-Շահ Թախթի անցակետը, ինչին հետևեց Իրանի կտրուկ արձագանքը. երկու օր անց պատասխան քայլով Իրանն էլ փակեց Բիլեսավարի և Ջոլֆայի անցակետերը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Շուրջ երեք տարի է, ինչ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են լարված և փոխվստահության բացակայության մթնոլորտում: Այնպիսի խնդիրների առկայության պարագայում, ինչպիսին Ադրբեջանի կողմից թյուրքալեզու իրանցիների խնդիրները շահարկելը, Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ հավակնություններ ցուցաբերելը, Իրանի մշակութային ժառանգությունը սեփականացնելը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները, սահմանային զինված բախումներն են, պարզապես այդ երկու երկրների միջև առկա լարված հարաբերություններում առաջիկայում դժվար թե բարելավում նկատվի»,-անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերությունների պատճառներին, նշեց փորձագետը:
Շարունակելով թեման` Իսրայելյանը հավելեց. «Հասան Ռոհանին, երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ Իրանը բոլոր հարևանների, այդ թվում` Ադրբեջանի հետ փորձելու է կառուցել բարիդրացիական հարաբերություններ, սակայն վերջինիս կողմից արժանացավ միանգամայն այլ վերաբերմունքի:
Ակնհայտ է, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցած դրական զարգացումները նպաստեցին տարածաշրջանում Իրանի դերի բարձրացմանը: Բնականաբար Թուրքիան և Ադրբեջանը պետք է խանդով վերաբերվեին այդ հանգամանքին, որոնց դրական զարգացման դեպքում տարածաշրջանում Անկարայի դերը կնվազի, իսկ Ադրբեջանը Իսրայելի մոտ կկորցնի իր երբեմնի կարևորությունը»:
Իրանագետը նշեց, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապ է հաստատում Իրանի տարածքով: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այն հայտնվել էր հումանիտար աղետի շեմին: Իրանը, Նախիջևանի հետ ունենալով շուրջ 143 կիլոմետրանոց սահման, արցախյան պատերազմի տարիներին ռազմավարական կարևոր դեր է ունեցել Նախիջևանի քաղաքական և տնտեսական ոլորտում՝ ապահովելով վառելիքի, սննդի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումն այդ շրջան:
Այն հարցին, թե ինչու՞ Բաքուն գնաց սահմանը փակելու նման ռիսկային քայլին, Իսրայելյանը պատասխանեց. «Կարծում եմ Ադրբեջանը այդ քայլով փորձում է ապակայունացնել տարածաշրջանը` նպատակ ունենալով խափանել Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը միանշանակ չի բխում իր և իր ռազմավարական դաշնակից Իսրայելի շահերից: Անշուշտ Ադրբեջանի այդ քայլը խրախուսվում է ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի կողմից. վերջինս Սիրիայի հարցում արձանագրած ձախողումից հետո, իր ուժերը փորձում է տարածաշրջանի այդ հատվածում: Թուրք-ադրբեջանական դաշինքը նպատակ ունի Նախիջևանի կախվածությունը հնարավորինս նվազեցնել Իրանից. այդ նպատակով էլ Ադրբեջանը և Թուրքիան միմյանց հետ իրականացնում են խոշորամասշտաբ էներգետիկ և տնտեսական ծրագրեր` ամեն կերպ փորձելով չեզոքացնել Իրանի ազդեցությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ