Panorama.am-ը գրում է.
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 43-ամյա բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան համար դատապարտված «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի նախկին մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական գործերով դատարան և խնդրել իր նկատմամբ կիրառել համաներում:
Հրածին Մալխասյանը մահացել էր 2012 թվականի հուլիսի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Քրեական գործը հարուցվել էր դեպքից մի քանի ամիս անց` նոյեմբերին, իսկ բժիշկ Մարդանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր երկար ժամանակ անց` 2013-ի հունիսի 17-ին: Նա մեղադրվում էր ՀՀ Քր. Օր. 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Հանգուցյալ երիտասարդ կնոջ մոտ այս հղիությունը 22-րդն է եղել և ինչպես դատարանում իր ցուցմունքում ասել է նրա ամուսինը` Շիրակ Ասատրյանը, իրենց համար ցանկալի չի եղել այդ հղիությունը: Նա իր ցուցմունքում նշել է, որ ամուսիններով պայմանավորվել են որևէ մեկին չհայտնել բացահայտված հղիության փաստը և կատարել հղիության արհեստական ընդհատում։
Բարեկամներից մեկի հորդորով դիմել են «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի գինեկոլոգ Վարուժան Մարդանյանի օգնությանը:
Դատարանը հաստատված է համարել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության մեղադրանքը և պարզել, որ 26-27 շաբաթական հղիության ցիկլում գտնվող Հրածին Մալխասյանը 2012-ի հուլիսի 27-ին ժամը 16։50-ին ընդունվել է բժշկական կենտրոն։ Վարուժան Մարդանյանը Հրածին Մալխասյանին ընդունելով բաժանմունք, կատարել է ոչ բավարար ծավալի հետազոտություններ, մասնավորապես չեն կատարել արյան բիոքիմիական քննություն, սոնոգրաֆիա: Իսկ այդպիսի հետազոտությունների չկատարումը հանգեցրել է Հրածին Մալխասյանի սխալ ախտորոշմանը, այն է` ախտորոշվել է «հղիության 20 շաբաթական բարդացած մանկաբարձական անամնեզ, սպառնացող վիժում»` Հրածին Մալխասյանի 26-27 շաբաթական հղիության ցիկլում գտնվելու և վաղաժամ ծննդաբերություն սկսվելու փոխարեն։ Դատարանը պարզել է, որ շարունակելով մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը` Վարուժան Մարդանյանի կողմից չի կատարվել նաև արյան կոագուլոգրամմա` հղիի մոտ առկա ճարպակալումը հայտնաբերելու և, որպես ռիսկի խմբի ծննդկան, նրան պարտադիր 3-րդ մակարդակի ծննդօգնության հիմնարկություն տեղափոխելու ուղղությամբ, այլ դրա փոխարեն հղիի բուժօգնությունը շարունակել է նույն բժշկական կենտրոնում` չունենալով նման իրավասություններ։
Այնուհետև Հրածին Մալխասյանի մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն, ծնվել է մահացած իգական սեռի պտուղ։
Ծննդաբերությունից 15 րոպե անց Հրածին Մալխասյանի մոտ սկսվել է առատ արյունահոսություն, որը պայմանավորված է եղել մկանային շերտի հետ ընկերքի իսկական սերտաճմամբ և բուժող բժշկի կողմից ընտրված ոչ ճիշտ մեթոդիկայւվ` կատարվել է արգանդի գործիքային հետազոտություն: Ընկերքը ձեռքով բաժանելու փոխարեն, բժիշկ Մարդանյանը այն դուրս է բերել ոչ ճիշտ` «ձգելով» մաս-մաս։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ