1in.am-ը գրում է.
ԱՄՆ ռազմածովային հետախուզությունը ժամանակավորապես մնացել է առանց ղեկավարների: Իրենց պաշտոններից հեռացվել են ռազմածովային ուժերի հետախուզական բաժնի պետ, փոխծովակալ Թեդ Բրանչը և հետախուզական օպերացիաների բաժնի պետ, կոնտր-ծովակալ Բրյուս Լավլեսը: Նման որոշումը կապված է ԱՄՆ ռազմածովային նավատորմում կոռուպցիոն սկանդալի հետաքննության հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբիին:
Այս գործով անցնում են ևս 3 ռազմածովային ավագ սպաներ, որոնց կասկածում սինգապուրյան Glen Difens marin Asia ընկերությունից կաշառք վերցնելու մեջ: Ընկերությունը Ասիայի երկրների խաղաղօվկիանոսյան նավահանգիստներում 25 տարի սպասարկել է ամերիկյան ռազմանավերին: Դրա ղեկավար Լեոնարդ Գլեն Ֆրանցիսը ձերբակալվել է սեպտեմբերին՝ Սան Դիեգոյում:
Կալանքի տակ են գտնվում 3 ամերիկացի նավաստիներ՝ երկրորդ կարգի կապիտան Խոսե Լուիս Սանչեսը և Մայքլ Միսիևիչը, ինչպես նաև ռազմածովային ուժերի քննիչ Ջոն Բելիվեն: ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարծում է, որ նրանք սինգապուրյան ընկերությանն օգնել են պատվերներ ստանալ ռազմածովային ուժերից՝ գումարի, ճամփորդությունների, թանկարժեք հյուրանոցներում բնակվելու և մարմնավաճառների ծառայություններից օգտվելու դիմաց: