1in.am-ը գրում է.

Եգիպտոսում իսլամիստների ուրբաթօրյա ակցիայի ժամանակ զոհվել է 12-ամյա դեռահաս տղա, ևս 6 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:

Գերատեսչության տվյալներով` Գիզա գավառի Էլ-Ումրանիա շրջանում բախումներ են տեղի ունեցել «Մուսուլման եղբայրներ»-ի կողմնակիցների և տեղի բնակիչների միջև: Բախումների թեժ պահին ինչ-որ մեկը կրակել է որսորդական հրացանից, ի պատասխան` ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Անկարգությունների էպիկենտրոնում գտնվող տղան մահացու վերք է ստացել և հիվանդանոցում մահացել:

Իսլամիստների մոտ 2 հազար կողմնակիցներ փորձել են ներխուժել Ռաբա էլ-Ադաուիա մզկիթ: Զինծառայողները փակել են դեպի մզկիթ տանող ուղիները:

Իսկ իսլամիստների երթի ժամանակ մասնակիցներից մեկը փորձել է ավտոբուս կանգնեցնել: Ամբոխից վախեցած վարորդը վրաերթի է ենթարկել նրան: Նշվում է, որ եգիպտացին միայն վնասվածքներ է ստացել:

Անկարգություններ են տեղի ունեցել նաև Սուեզում, Իսմայիլիայում և Բուհեյրում:

Ալեքսանդրիայում մոտ 500 մարդ փորձել է հանրահավաք իրականացնել Բորգ էլ-Արաբ բանտի պատերի մոտ, որտեղ կալանքի տակ է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին: Նրանց, սակայն, ցրել է ոստիկանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել