Այսօրվա լրահոսի բազմազանության մեջ իր կատարյալ անմեղսունակությամբ առանձնացավ մեր հարևան երկրի ԱԳՆ-ին հասցեագրված հայտնի երգիչ Ալ Բանոյի նամակի մասին տեղեկությունը, որում նա խնդրում է իրեն հանել Ադրբեջան այցելության վրա սահմանափակում ունեցող մարդկանց` այսպես կոչված սև ցուցակից: Պարզվում է Ալ Բանոն չի գիտակցել, թե ինչ զանցանք, գուցե թե, հանցանք է գործել Արցախ այցելելով ու հիմա զղջում, և հայցում է աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներից մեկի` ում նկատմամբ նա մեծ հարգանք է տածում, ներողամտությունը:
Այն, որ Ալ Բանոյի համար այս պատմության մեջ միակ շահը իր փող աշխատելու հնարավորությունն է, ինքնին պարզ է, և այս հարցում որևէ արտառոց բան չկա: Զավեշտը հարևան երկրի իշխանությունների բարեհոգի ներկայանալու ահավոր ցինիկ, բայց միաժամանակ խորամանկ կեցվածքն է, որն արտահայտվում է հետևյալ մոտեցմամբ. մենք պատրաստ ենք այդ ցուցակում գտնվող բոլոր 320 հոգուն էլ ներել, միայն թե նրանք պետք է նամակ-խնդրանքով պաշտոնապես դիմեն մեզ: Հաշվարկը շատ պարզ է. նրանք կփորձեն իրենց էժան գործելակերպի ոգուն համապատասախան նավթադոլարներով համոզել այս ցուցակի մի քանի տասնյակ ներկայացուցիչների, որպեսզի նույնաբովանդակ նամակներով հանդես գան, ու, բանականաբար, կփորձեն 20 տարի բոլորին հոգնեցրած մոտիվներով նորանոր տեղեկատվական առիթներ բստրել:
Դե իհարկե, բանից անտեղյակ քաղաքակիրթ աշխարհի որոշումներ կայացնողների աչքից դժվար թե վրիպեն հանրահայտ արվեստագետների սրտաճմլիկ նամակները: Այս թեման, գուցե, ծայրաստիճան անհետաքրքիր է մեզ համար, բայց, թերևս, ունիկալ է այն առումով, որ մտնում է նրանց նոր գործելակերպի տրամաբանության մեջ` հավակնելով դառնալ մարտավարական գոհար, մոտավորապես խավիարային դիվանագիտության էֆֆեկտով: