1in.am-ը գրում է.

Վիճակագրության համաձայն՝ երիտասարդների շրջանում ամենատարածված հոգեբանական հիվանդությունը շիզոֆրենիան է: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Սուքիասյանը՝ հավելելով, որ շիզոֆրենիան երիտասարդների մոտ կարող է դրսևորվել 15-25 տարեկանում:

Նրա խոսքով՝ երիտասարդների մոտ նկատվող վարքային շեղումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ շրջապատի հետ հակասությունները, սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև անձի կրթական մակարդակը: «Ընդհանուր առմամբ հոգեբանական հիվանդությունները չեն երիտասարդացել, պարզապես դրանք երիտասարդների շրջանում շատացել են: Դա բացատրվում է նրանց էմոցիոնալությամբ և հավակնություններով»,- ասաց Սամվել Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում սահմանային հոգեբանական խանգարումներով տառապում է մոտ 630 մարդ, իսկ ահա նևրոզների թիվը վերջին հարյուր տարվա ընթացքում ամբողջ աշխարհում աճել է երկուսուկես անգամ: 

Քննարկմանը ներկա «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարուժան Մելքոնյանն էլ իր հերթին նկատեց, որ Հայաստանում հոգեբանին դիմելու մշակույթը դանդաղ է զարգանում: «Սակայն տարեցտարի ամոթի գործոնը նահանջում է, և վստահ եմ՝ կգա մի ժամանակ, երբ մարդիկ կհպարտանան, որ հոգեբանի հետ են աշխատում»,- ասաց նա՝ համաձայնելով իր գործընկերոջ արտահայտած այն մտքի հետ, թե հոգեբանական բոլոր խնդիրները ձևավորվում են սոցիալական տարաբնույթ խնդիրների հիման վրա:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ևս փաստեց, որ հայերը հոգեբանի քիչ են դիմում, քանի որ բժշկական հոգեբանության ոլորտը վերջնականապես կարգավորված չէ: «Բուհի համապատասխան ֆակուլտետն ավարտած ցանկացած մարդ կարող է հայտարարել, որ ինքը հոգեբան է, շառլատաններն ու բախտագուշակներն՝ այդ թվում: Իսկ հոգեբանի մասնագիտությամբ տարեկան երկու-երեք հարյուր մարդ է դիպլոմ ստանում: Հաստիքներ են հայտարարվում դպրոցներում, զորամասերում և այլ հաստատություններում, և նորավարտ մարդիկ, իրենց ծանոթների շնորհիվ, փորձում են աշխատանք գտնել հոգեբանի՝ մոդայիկ դարձած մասնագիտությամբ»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի մտահոգությանն ի պատասխան, որ հոգեկան խանգարումը փաստող փաստաթուղթ հաճախ ստանում են բոլորովին առողջ մարդիկ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կամ այլ նպատակներով, Արմեն Սողոյանը նշեց, որ նման դեպք պրակտիկայում ուղղակի անհնար է հանդիպել: «Առողջ մարդը երբեք չի կարող հոգեկան շեղում ունեցողի փաստաթուղթ ստանալ»,- հավաստիացրեց նա: 

Հիշեցնենք, որ 2007 թվականի տվյալներով՝ Հայաստանում հաշվառվել է առաջին անգամ հոգեկան խնդիրներ ունեցած 2386 մարդ: 2011-ին այդ թիվը հասել է 3548-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել