Emedia.am-ը գրում է.

Երիտասարդ աղջիկը գլուխը կախ գնում–գալիս էր հիվանդանոցի նեղ միջանցքով։ Հուզված էր, աչքերը` կարմրած։ Գինեկոլոգի սենյակի դիմաց՝ լուսամուտի մոտ, միջին տարիքի կինը հեռախոսով խոսում էր, պատմում էր Թուրքիայից իրեն սխալ ապրանք բերած կնոջ մասին։

«Համեցե՛ք, սպասում եմ...»,– ձայն տվեց երիտասարդ բժիշկը՝ սենյակի դուռը կիսաբաց թողնելով։

Թեթև վիճաբանություն տեղի ունեցավ կանանց միջև. «Կարող եմ գոնե ստեղ իմ գլխի գալիքը ինքս որոշել, թո՛ղ ինձ...»,–ձայնի տոնը բարձրացնելով երիտասարդ աղջիկը մտավ բժշկի սենյակ։
Նրան ուղեկցող կինը բարկացած էր, բայց ոչ թե աղջկա վերաբերմունքից, այլ նրանից, որ ես լսեցի, թե ինչպես «իր բերանը փակեցին»։

Վերջինս նստեց կողքիս, հարցրեց ինձ. «Աղջիկ ջան դու ի՞նչի ես եկել բժշկի, էլի աբորտ ա՞»։ «Չէ բարեկամիս հետ եմ եկել, սենյակում է, իրեն եմ սպասում»։

Սկսվեց զրույցը, տիկին Անուշը (կնոջ անունն էր) սկսեց պատմել հարսի՝ Հեղինեի (քիչ առաջ սենյակ մտած աղջկա) կյանքի պատմությունը։

«Արդեն մի սիրուն աղջիկ թոռ ունեմ, երկրորդն էլ էր աղջիկ, ես ու տղաս ասեցինք հիմա տենց քանի աղջիկ պետք ա բերես, որ հետո տղա ծնվի, տղա երեխու թուշ պաչենք։ Ինքն էլ թե ինձ երկու երեխեն հերիք են, ես մեկն էլ ունենամ, վերջ։ Տղաս միջամտեց, եկել ենք աբորտի»,– հանգիստ տոնով պատմում էր կինը։

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում վերջին տարիներին մասսայական են դարձել։

ՄԱԿ Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011թ-ի հետազոտությունը հաստատել է, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա երեխա ունենալ: Արդյունքում, 1990թ-ից ի վեր, շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց (բնականոն է 102-106 տղա՝ 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը):

Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցությունն էլ ավելի է շեղվում՝ 100 աղջկան բաժին է ընկնում 160 տղա, որն ըստ երևույթին, աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:

Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչև 2060թ-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին: Բնակչությունը կնվազի հավելյալ 80. 000–ով։ Իրավիճակը կազդի նաև ընտանիք կազմելու հնարավորության վրա ու արտագաղթի հավելյալ խթան կհանդիսանա:

Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները ամենավառն են արտահայտվում քաղաքաբնակ կանանց, բարձրագույն կրթություն ունեցող կանանց, բարձր եկամուտներ ունեցող կանանց շրջանում:

Գինեկոլոգ Հայրապետյանի հետ զրույցում պարզվում է, որ ընդհանրապես հղիության արհեստական ընդհատումները վերջին տարիներին հսկայական թվով աճել են։

«Վիճակագրությունն ավելի տեսանելի է լինում բժշկական հաստատություններում գրանցված դեպքերի հիման վրա, սակայն հիմա դեղատներում վաճառվում են վիժեցնող հաբեր, որոնք առավել տարածված են, հենց այդ պատճառով է, որ պաշտոնական վիճակագրությունն այդքան էլ սթափեցնող չէ»,–պատմում է գինեկոլոգ Հայրապետյանը։

Վերջինիս խոսքերով, սակայն, վիժեցման դեպքերը պայմանավորված են հիմնականում ոչ թե պտղի սեռով, այլ ընտանիքի սոցիալական վիճակի և նախամուսնական հարաբերություններով։
Հղիության արհեստական ընդհատումները բերում են անպտղության։

«Մեծանում է վաղաժամ հղիության վտանգը, լինում են կանացի օրգանների բորբոքումներ, արտաարգանդային հղիության դեպքեր։ Երկրորդ հղիությունը ընդհանրապես չպետք է ընդհատել, քանի որ մեծանում է առաջադիր ընկերքի վտանգը։ Վերջին երկու տարիներին առաջադիր ընկերքի բազմաթիվ դեպքեր են գրանցվել»։

Տարբեր հիվանդանոցներում հղիության արհեստական ընդհատումները տատանվում են 15–60 հազար դրամի սահմաններում, որոշ հիվանդանոցներում այս գումարի մեջ մտնում է նաև թմրաքունը, սոնոգրաֆիան, արյան և այլ ախտորոշումները։

Գինեկոլոգն անկեղծացավ, որ նախքան արհեստական ընդհատման բուն գործընթացը սկսելը ինքը համոզում է կնոջը հրաժարվել այդ քայլից, հատկապես լուրջ է վերավերում երկրորդ ընդհատման դեպքերին։

«Լինում են զույգեր, ովքեր պետք է ամիսներ անց ամուսնանան, սակայն երեխայի են սպասում, գալիս են ընդհատման, համոզում եմ, ասում եմ ձեր ծնողներին բերեք մի բան կասեմ, պետք լինի՝ ամեն ձև ստեղծված իրավիճակից դուրս կգանք, միայն թե այդ քայլին մի գնացեք»,– պատմում է գինեկոլոգը։

Հղիության արհեստական ընդհատումները չեն կարող հոգեբանական ազդեցություն չունենալ կնոջ հոգեկերտվածքի վրա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել