Aysor.am-ը գրում է.
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թուրքիա կատարած վերջին պաշտոնական այցի ընթացքում պաշտոնական Թեհրանը և Անկարան սիրիական զարգացումների հարցում երեք կետի շուրջ փոխհամաձայնության են եկել: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը «Ալ Ջազիրա» գործակալության լրագրողների հետ հարցազրույցում:
Ըստ խոսնակի` առաջին կետն ամրագրում է, որ «Սիրիայի ճգնաժամը միայն ներքին խնդիր չէ, քանի որ չպետք է անտեսել այդ երկրից արտագաղթողների մեծ թվաքանակը, պատերազմի՝ կրոնական բնույթ ստանալը և ծայրահեղական տարրերի ներգրավվածությունը սիրիական զարգացումներում, որոնք վերածվել են ողջ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի»:
Երկրորդ կետն արձանագրում է «Իրանի և Թուրքիայի կողմից շարժունակության և ակտիվության դրսևորման անհրաժեշտությունը, որը նպատակաուղղված կլինի նոր մեթոդներով Սիրիայում բախումները դադարեցնելուն»:
Երրորդ կետը նախատեսում է Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծում Իրանի և Թուրքիայի համագործակցության ճանապարհով: Հիշյալ երկրները որակվում են որպես «Սիրիայի հիմնախնդրի լուծման երկու առանցքային դերակատարներ, որոնց համագործակցության միջոցով է միայն հնարավոր վերջակետ դնել Սիրիայում ճգնաժամային գործընթացներին»:
Այս երեք կետերը հերթական անգամ ապացուցում են Թուրքիայի ապաշնորհությունն ու անարդյունավետ գործողությունները Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականության համատեքստում, որից հետո պարզապես անխուսափելի է դառնում տարածաշրջանային մյուս խոշոր խաղացողի՝ Իրանի առավել ակտիվ մասնակցությունը գործընթացներին: Դրանք սոսկ Թուրքիայի՝ որպես տարածաշրջանում խնդիրներ լուծող երկրի վարկանիշը «փրկելու» անհաջող փորձեր են, որոնք ընդամենը կարող են հավելյալ հնարավորություններ ընձեռել Իրանին՝ Սիրիայի հարցում առավել անկաշկանդ գործելու՝ ի պաշտպանություն գործող կառավարության: