Երբ ես երեխա էի, մենք ապրում էինք երկհարկանի սեփական տան մեջ: Ես արագորեն մագլցում էի աստիճաններով և հասնում երկրորդ հարկ, հետո նորից ցած էի իջնում: Դա ինչ-որ հիմար խաղ էր ինձ համար: Այդ ժամանակ ես հինգ կամ վեց տարեկան էի: Մի անգամ աստիճանների վերևում ինչ-որ մեկը սկսեց շշուկով խոսել ինձ հետ: Նա ինձ հետ շարունակ գրազ էր գալիս: Օրինակ ասում էր. «Գրազ կգամ, որ դու չես կարող բարձրանալ մինչև վերջ»: Ես միայն նրա ձայնն էի հիշում: Ես շատ փոքր էի այդ ժամանակ, ուստի չեմ էլ հիշում, թե որքան երկար էինք մենք խոսում այդ անտեսանելի կերպարանքի հետ: Ես միայն հիշում եմ, որ նա ինձ հանգիստ չէր թողնում: Ի վերջո, այս անտեսանելի կերպարանքը սկսեց գրազ գալ կյանքիս վրա: Նա ասում էր. «Գրազ եմ գալիս կյանքիդ վրա, որ դու չես կարող բարձրանալ աստիճանները»: Ես շատ էի վախենում. այս ամենը ասես մի իսկական մղձավանջ լիներ ինձ համար:

Երբ ես մեծացա, ես այլևս չէի լսում այդ ձայնը: Ես այդ մասին առհասարակ չէի մտածում և երբեք ոչ մեկին չէի պատմում: Մի գիշեր ես գիշերում էի իմ եղբոր տանը: Ես այդ ժամանակ 18 տարեկան էի, իսկ եղբայրս` 22: Մենք երկուսով խոսում էինք սարսափելի պատմությունների մասին: Ես նրան պատմեցի, որ մանկության տարիներին լսում էի ինչ-որ մեկի ձայնը, սակայն գրազների մասին նրան ոչինչ չասացի: Եղբայրս ինքը հարցրեց. «Նա քեզ հետ գրազ գալի՞ս էր»: Ես սարսափահար նրան նայեցի: Նա որտեղի՞ց գիտեր այդ ամենը: Փաստորեն նա ինքն էլ էր լսել այդ տարօրինակ ձայները:
Կյանքիս այդ ժամանակահատվածում մեր ընտանիքում շատ անհաջողություններ էին տեղի ունենում: Մայրս, ով ջերմեռանդ հավատացյալ էր, ասում էր, որ այդ ամենը սատանայի ձեռքի գործն է: Հետագայում ինձ հետ նման տարօրինակ բաներ այլևս երբեք չպատահեցին: Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե դա ինչ ձայն էր, սակայն մի բան հաստատ գիտեմ. այդ ձայնը իմ երևակայության արդյունքը չէր: Եղբայրս նույնպես լսել էր այդ ձայնը և այդ անտեսանելի կերպարը նույնպիսի գրազներ էր եկել նաև նրա հետ:



