Lragir.am-ը գրում է.
Կառավարության նոյեմբերի 7-ի նիստից հետո փաստացի սկանդալային հայտարարություն է արել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ով լրագրողների հետ խոսել է 2014 թվականի բյուջեի կատարման հեռանկարի մաին:
«Եթե մենք ասում ենք, որ տնտեսական աճ ենք ապահելու և եկամուտների աճը հիմնականում ապահովվելու է տնտեսական աճի հաշվին, ապա եթե տնտեսական աճը չապահովվի, ապա դա նշանակում է, այո, և հարկ վճարողները, և հարկային մարմինները հայտնվելու են շատ վատ վիճակում: Որովհետև եթե տնտեսական աճի հաշվին չապահովվեն եկամուտները, ապա դա նշանակում է ճնշում հարկ վճարողների վրա, բիզնեսի նկատմամբ, լրացուցիչ վարաչարարական գործիքների կիրառում», ասել է Վախթանգ Միրումյանը:
Նման հայտարարությունը չի կարող տեղավորվել որեւէ իրավական պետության տրամաբանության մեջ: Այդպիսի հայտարարության հեղինակը կամ անհապաղ պաշտոնանկ է արվում, կամ փաստացի հայտարարությունը դիտվում է որպես բիզնեսի նկատմամբ պետական շանտաժի քաղաքականության վառ օրինակ:
Ինչ է ստացվում: Ստացվում է, որ ՊԵԿ-ը ուղղակի սպառնում է բիզնեսին, որ եթե տնտեսական աճ չապահովվի, ապա բիզնեսը ստիպված կլինի այսպես ասած անձամբ վճարել այդ աճի համար: Այլ կերպ ասած, ՊԵԿ նախագահի տեղակալը սպառնում է, որ եթե աճ չլինի, հարկային կառույցը ուղղակիորեն պոկելու է բյուջեի եկամուտները գործարարներից, լրացուցիչ ճնշումների միջոցով: Թե ինչ է նշանակում ՊԵԿ-ի ճնշում, Հայաստանում գործարարությամբ զբաղվողները շատ լավ գիտեն:
Սակայն ընդհանրապես ուշագրավ է հնչեցվող տրամաբանությունն ինքնին: Ենթադրենք, որ տնտեսական աճ չի լինում: Այդ դեպքում ի՛նչ վարչարարական ճնշումների մասին է խոսում Միրումյանը: Այսինքն, գործարարներն այդ դեպքում ստիպված են լինելու ավելի շատ հարկ վճարել, քան պարտավոր են օրենքո՞վ: Եթե այո, ապա այս դեպքում նախ խոսքը գնում է պարզ, բաց եւ թաանցիկ, նախապես հայտարարված պետական ռեկետի, պետական ահաբեկության, բիզնեսի վրա ըստ էության ավազակապետական հարձակման մասին:
Եթե խոսքը վերաբերում է օրենքով պարտավորությունների լիարժեք կատարմանը, ապա հարց է առաջանում, թե ինչու նույն օրենքով պարտավորությունը նրանց վրա չի դրվելու տնտեսական աճի պարագայում: Այսինքն, եթե տնտեսական աճ կա երկրում, ուրեմն ստվերը պետականորեն դառնում է թույլատրելի՞: Ի՞նչ կապ ունի ստվերի դեմ պայքարը տնտեսական աճի լինել-չլինելու հետ:
Իսկ եթե խոսքը ստվերի դեմ պայքարի մասին չէ, ապա ինչի՞ մասին է:
Կամ, եթե խոսքը օրենքով սահմանված պարտավորությունը կատարելու մասին է, ապա ինչ է նշանակում լրացուցիչ ճնշում: Այդ դեպքում փաստացի ՊԵԿ նախագահի շուրթերով պետությունը խոստովանում է, որ Հայաստանում իրականում հարկային բեռն այնքան մեծ է, որ եթե գործարարները կատարեն օրենքով նախատեսված իրենց հարկային բոլոր պարտավորությունները, ապա դա կլինի ճնշում իրենց բիզնեսի վրա: Այսինքն, այդ դեպքում պետական չինովնիկը հենց ինքն է խոստովանում, որ Հայաստանում հարկային բեռի թեթեւացման մասին խոսքերը սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը:
Այդպիսով, ընդամենը մի փոքր հայտարարությամբ դրսեւորվում է Հայաստանում հարկային քաղաքականության մեծ խնդիրները, որոնք գործարարների համար վերածվել են շանտաժի ու սպառնալիքի: Եվ այս տեսանկյունից, Հայաստանի հարկային քաղաքականության համար պատասխանատու մի չինովնիկի մի քանի նախադաությունն անգամ ավելի շատ բան են ասում Հայաստանում տնտեսվարման, բիզնես միջավայրի իրական վիճակի մասին, քան ասենք Doing business կամ այլ երկարաշունչ զեկույցները:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ



