Tert.am-ը գրում է.
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը գտնում է, որ Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված նախագծերի մրցույթին ներկայացված առաջարկները որևէ հարցի ռացիոնալ պատասխան չեն տվել, ավելին՝ մի քանի նախագծերի մեջ ինչ-որ կրոնական ուղղվածություն կար. առաջարկել են եկեղեցի կառուցել:
«Ներկայացված նախագծերը չեն էլ արտացոլել ընդհանուր պատկերը, հիմնականում Լենինի արձանի թափուր տեղի վրա էր շեշտը դրված, ինչը մի քանի նախագծերի մեջ մի քիչ կրոնական ուղղվածություն ուներ, որն անթույլատրելի է. եկեղեցի դնել և այլն, համենայնդեպս իմ կարծիքով է անթույլատրելի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն արդեն ներկայացրել է մրցույթի արդյունքները, և որևէ նախագիծ հաղթող չի ճանաչվել:
Մկրտիչ Մինասյանի փոխանցմամբ՝ նախագծերի հեղինակները հիմնականում տրասնպորտային խնդիրներ են փորձել լուծել, բայց դա այսօրվա պայմաններին չէր համապատասխանում: Բացի այդ՝ որևէ նախագիծ չի պատասխանել այդ հարցերին, կամ էլ պատասխանելու անհրաժեշտություն հրապարակն առայժմ չունի: «Երևի բաց տեղ է, աշխատում են այդտեղ ինչ-որ բան դնել, բայց ինձ թվում է, որ այդ տեղը, ոնց հիմա կա, ամենալավ տարբերակն է»,- ասաց նա:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի քննադատությունը, թե ինքը մի ամբողջական նախագիծ չի տեսել, Մկրտիչ Մինասյանը տեղին համարեց. «Հա, իրոք, չի տեսել, չկար մի նախագիծ, որտեղ ամբողջական ինչ-որ հարցեր առաջ կքաշվեին, որոնք հետագայում կծառայեն որպես հայեցակարգային ինչ-որ բան: Դրա համար էլ հաղթողներ չկան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ