Նոյեմբերի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, այցելելով «Հանրապետական» կուսակցության գրասենյակ, հետաքրքրվում է այնտեղ ընթացող քննարկումների մասին, որոնք վերաբերվում էին Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, ու հարցնում, թե ինչպե՞ս են վերաբերվում կուսակցության ներսում ՝ վարչապետի արտասահմանյան ուղեւորությունների վրա 1 ամսում ծախսված...200 հազար դոլարի հանգամանքին: Պարզվեց` շատ նորմալ ու օրինաչափ են համարում դա թե՛ վարչապետի, եւ թե՛, ասենք ՝ ԱԺ նախագահի պարագայում: Ընդ որում անհասկանալի մնաց, թե այդ գումարը բյուջեի՞ց է հատկացվել, թե՞ արտասահմանյան վարկից կամ այլ աղբյուրից, սակայն մտահոգության տեղիք տվեց այդ ռեպորտաժին հաջորդող մեկ այլ ռեպորտաժ, որ հակադարձ համեմատության մեջ էր նախորդի հետ: Այն է ՝ Շիրակի մարզի գյուղերում մարդիկ ձմռանը սկսել են նախապատրաստվել ոչ միայն փայտով ու խորանարդ մետրը 7000 դրամ արժողությամբ աթարով, այլեւ սկսել են կապրոնե շշեր, թղթեր հավաքել, խնայել ինչից կարող են, քանի որ գազ օգտագործելու հնարավորություն չունեն: Պարզապես ապշել կարելի է. երկրում ծայրահեղ աղքատություն է, արտագաղթ. նման դեպքերում այլ երկրներում բյուջետային կրճատումներ են արվում, իսկ Հայաստանում վարչապետի 1 ամսվա ուղեվորության վրա 200 հազար դոլար է ծախսվում (դեռ մյուս պաշտոնյաների, ինչպես նաեւ այլեւայլ բյուջետային շռայլությունները չհաշված): Այստեղ են ասել ՝ «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/11/blog-post_7.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել