Tert.am-ը գրում է.
Երևանում այսօր տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարության ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն ընդունել է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից: Արձանագրվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների խորացման տեսանկյունից կարևոր աշխատանքներ են իրականացվել` ձևավորվել և գործում է միջկառավարական հանձնաժողովը, վերաբացվել է Երևանում Իրաքի դեսպանությունը, նշանակվել է դեսպան: Երկու երկրների փոխվարչապետների գնահատմամբ` սա լավ հիմքեր է ստեղծում բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ առևտրական կապերն ակտիվացնելու հարցում երկու երկրների գործարար շրջանակների կողմից փոխադարձ հետաքրքրություն է առկա` ընդգծելով, որ արդեն իսկ նկատելի է ապրանքաշրջանառության ծավալների աճ: Գործարար շփումների աշխուժացման նպատակով, հանձնաժողովի նիստի աշխատանքներին զուգահեռ, Երևանում անցկացվում է «Արտահանվող հայկական ապրանքներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողովը:
Հանդիպումից հետո Ա. Գևորգյանի և Ռ. Շաուեյսի համանախագահությամբ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:
Համանախագահներն ամփոփել են 2012թ. նոյեմբերին Բաղդադում կայացած հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը: Քննարկվել են ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և գիտության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ