1in.am-ը գրում է.
Հայաստանի համար լավագույն ուղին ԵՄ ինտեգրումն է, իսկ ահա Մաքսային միություն մտնելուց առաջ մենք պետք է ծանրութեթև անենք մեր տնտեսական շահերը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանն ամեն կերպ ուզում է ամրապնդել իր դիրքերը:
Նրա խոսքով՝ հայ ընտանիքը պետության զարգացման հիմքն է: «Ողջ ժողովրդին պետք է մեկտեղել համազգային խնդիրների լուծման շուրջ: ՀՀ բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը պետք է կենտրոնանան մեկ քաղաքական ուժի մեջ: Ամբոխը պետք է դառնա ժողովուրդ, իսկ ժողովրդի համար գլխավոր կետը պետք է դառնա հայրենիքը: Ահա այս լուրջ տանդեմին է պետք ձգտել, որպեսզի Հայաստանը դառնա մեկ ամբողջություն:
Մեծ շուքով պետք է նշել ազգային տոները, երկրում ստեղծել նվիրվածության մթնոլորտ, գունավորել մեր առօրյան՝ ավելացնելով տոները: Ինչ վերաբերում է կրթական համակարգին, ապա այն այսօր ահավոր վիճակում է, գիտության մասին ուղղակի ավելորդ է խոսել: Արմեն Աշոտյանը կրթության նախարարի ֆունկցիան չի կատարում: Նա միայն ֆեյսբուքյան գործունեություն է ծավալում՝ նկարներ ու պոպ երաժշտություն է տեղադրում»,- ասաց Անի Զախարյանը:
Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահի համոզմամբ՝ երկրում պետք է զարգացնել տեքստիլագործությունը, կոշկագործությունը, ձկնաբուծությունը, շաքարեղեգի մշակությունը: Նա նույնիսկ ստեղծվելիք ձեռնարկությունների անուններ առաջարկեց. հայկական արտադրության վարագույրների բրենդը՝ «Շամիրամ», կանացի կոշիկներինը՝ «Ալեքսանդրա» և այլն:
Ուժեղ Հայաստան ունենալու համար Անի Զախարյանն առաջարկեց միավորել ընդդիմադիր ու իշխանական ուժերի պոտենցիալները: «Եթե ընդդիմադիր և իշխանական ուժերի տանդեմ ստեղծել չհաջողվի, ապա մեկ տարի անց ես ինքս այնպիսի քաղաքական ուժ կստեղծեմ, որն ամենաուժեղ ընդդիմությունը կլինի:
Ընդդիմության համար թիվ մեկ խնդիրը պետք է լիներ իշխանափոխության հասնել: Այժմյան ընդդիմությանը ես ընդդիմություն չեմ համարում: Մինչդեռ այն պետք է իշխանությանը մշակված ռազմավարական ծրագիր առաջարկի, որը կոնկրետ ժամկետում կյանքի չկոչվելու դեպքում մի քանի ամսում պետք է հասնել իշխանափոխության»,- ասաց նա:
Անի Զախարյանի համոզմամբ՝ ուժերը միավորվում են միայն իրապես արժանի մարդու շուրջ: «Բոլոր կուսակցությունները չէ, որ իրենցից քաղաքական ուժ են ներկայացնում»,- ասաց նա: