Ի՞նչ թեմաներ կքննարկեին փոքրիկները, եթե ունենային ֆորումներ և կարողանային խոսել միմյանց հետ:
Փորձում է ինձ գունավոր կաղամբ տալ. ի՞նչ անել:
Չեմ կեղտոտել ընդամենը երկու օր. ինչպե՞ս փրկվել հոգնաներից ու Դյուֆալակից:
SOS. մայրիկն ամբողջ գիշեր քնում է:
Չեն թողնում պոկել պատի պաստառները:
Ինչպե՞ս թաքուն հասնել կատվի պոչին:
Այց պոլիկնինիկա. էլ չեմ դիմանում:
Չի թողնում հատակին շաղ տալ շան կերը. ի՞նչ անել:
Քնեցնում է ժամը 9-ին. ինչպե՞ս պայքարել:
Իմ տուտուզի նկարները համացանցում են. ինչպե՞ս պայքարել դրա դեմ:
Հանգիստ արտասահմանում. արժե՞ արդյոք ծնողներին տանեմ հետս:
Ի՞նչ պետք է կարողանա անել մայրիկը 25 տարեկանում:
Երբ ծիծիկը մայրիկից առանձին է. հնարավո՞ր է դա:
Իսկ ձեր տուտուզը համբուրու՞մ են:
Ո՞վ գիտի լավ լոգոպեդի տեղ տատիկի համար:
Քանի՞ հեռախոս եք արդեն փչացրել:
Ինչպե՞ս քնել` առանց ծիծիկը բաց թողնելու: Հենց քնում եմ, ձեռքիցս ընկնում է:
Օգնեք, մազերս աճում են:
Կվաճառեմ մայրիկի հագուստ, 46 չափսի, գրեթե նոր:
Ի՞նչ դիրք ընդունել քնելիս, որ տան անդամները նայեն ու հիանան. կիսվում ենք փորձով:
Ու՞մ մոտ է պատահել. մայրիկն ինչ-որ երգ անտաղանդ կերպով մռմռում է և չի թողնում, որ քնեմ:
Մռութ, պուպուշ, հրաշք, հրեշտակ, նապաստակ, կյանք, փիսիկ. ինչպե՞ս իմանամ, թե ինչ է իմ անունը:
Մայրիկն աննորմալի պես ուրախանում է, երբ կեղտոտում եմ. ի՞նչ մասնագետի դիմեմ:
25 տարեկանում երգել չգիտի. ու՞մ դիմել:
Ինձ` գազարից պյուրե, իրեն` շոկոլադ. որտե՞ղ է արդարությունը:
Որտե՞ղ է քիթիկը, որտե՞ղ են աչուկները. իրենք չգիտե՞ն:
Հարցում. ո՞վ է փորձել սենյակային բույսերը, որո՞նք են ամենահամեղը:
Հոգնել եմ մայրիկի ծիծիկից, ուզում եմ փորձել հայրիկի ծիծիկը. ո՞վ է բախվել այս խնդրին:
Ինչպե՞ս ազատվել հայրիկի կրծքի մազերից. երբ քաշում եմ, բղավում է:
Օգնեք. մայրիկը չի քնում, մինչև մի 40 րոպե չեմ ծծում նրա ծիծիկը:
Ես այլևս սոված չեմ. ինչպե՞ս բացատրեմ ծնողներիս:
Ինձ ձեր օգնությունն է անհրաժեշտ. ամեն ինչ առանց աղի ու շաքարավազի են տալիս, անհամ բաներ եմ ուտում, ի՞նչ անեմ:
Ծափիկ-ծափիկ-ծիրանիկ. իսկ ինչպիսի՞ն է ձեր ծնողների ստեղծագործական պոտենցիալը:
Ինչու՞ է մեծ քույրս անընդհատ լեզու ցույց տալիս ինձ. քաղաքավարության ցածր մակարդա՞կ:
Օգնեք. նոր տակդիրն ինձ գիրացնում է, խորհուրդ տվեք նորմալ մոդել:
Ծծել ծիծիկն ու մատիկը միաժամանակ. մաքսիմալի՞զմ:
Ամեն օր լողացնում են. էլի կեղտոտներ կա՞ն:
Ինչու՞ ծնողները չեն թողնում խաղալ զուգարանակոնի ջրով:
Որքա՞ն հաճախ են ձեր բերան մտցնում նոր զզվանքություն և հիացած ասում` աաաաամ:
Լացի տեխնիկա. բողոքից մինչև կամակորություն:
Մայրիկն ինձ համար արդեն փեսացու է գտել. ի՞նչ անեմ:
Ի՞նչ նվիրեմ մայրիկիս Նոր տարուն. քնեմ մինչև գիշերվա 12-ը, թե՞ չքնեմ մինչև գիշերվա 1-ը: