Սե՛ր, որքան քաղցր ես դու, որքան լուսախիտ, դու խենթ ու խելառ, դու իմ ամոքիչ, դու լույս խավարի ճնշող ու ճզմող մութ ճիրաններում, դու իմ նորածին, դու անմեղ մանուկ, ով այս բութ ու մեղսավոր կյանքում խեղաթյուրված է մարդուց անամոք:
Սե՛ր, քեզ շատերը քարկոծեցին, քեզ սիրողները քեզ անարգեցին, դու հարյուրների դռները թակիր, բայց նրանք քո առջև դուռ բաց չարեցին: Մարդիկ մոռացել են սիրել լիովին, նրանք չարացել են դարձել նենգ ու բիրտ, սերը վերածել են տաղտկալի կեղծիքի, որով հասնում են նրանք բարձրունքների: Սեր այս անդամալույծ, այս բութ աշխարհում փորձիր դու լինել ինքնաամոքիչ, թեև մարդիկ քեզ կհորինեն. մարդիկ սիրում են հորինել, քանզի այն ավելի դյուրին է, քան ձգտել ու հասնել իրականին, բայց երբեք-երբեք դու չանէանաս, միշտ եղիր այնքան իրական դու նրանց համար, ովքեր, որ մեկին սիրում են անկեղծ: Եղիր միշտ այդպես մաքուր ու անպիղծ, միշտ վեհ ու անբիծ, դու եղիր միայն նրանց կողակից, ովքեր որ իսկապես սիրո են արժանի, ովքեր իսկապես քեզ սիրել գիտեն, ովքեր ուզում են վերանալ, երկնել այս ճահճանման բանտի խցերից, որտեղ, որ սերը խորթ է ու պիղծ, որտեղ սովոր են ստել ու խաբել, ծաղրել, զրպարտել, որտեղ վարժ գիտեն, թե ինչպես սպանեն և ինչպես զոհի արյունը ծծեն:
Սե՛ր, դու նվիրվիր միայն այն մարդկանց, ովքեր իսկապես սիրել գիտեն, թող թռչեն հասնեն քեզ իմ տիրակալ, ովքեր թռչուն չեն, բայց թռչել գիտեն, թող քեզ սիրելով նրանք վերանան այս խեղաթյուրված աշխարհի փոշուց, թող դառնան քեզ պես, քեզ նման մաքուր և թող սրբանան այս պիղծ աշխարհում:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2012/12/blog-post_2066.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել