Տաջիկստանում նախագահ են ընտրումPanarmenian.net-ը գրում է.

Նախագահական ընտրությունները Տաջիկստանում սկսվել են 06.00 տեղական ժամանակով: Բացվել են 68 ընտրահանձնաժողովներ և 3,158 հազար ընտրատեղամասեր:

Շուրջ 60 տեղամաս է բացվել երկրի սահմաններից դուրս, այդ թվում 24-ը Ռուսաստանի տարածքում: Պետական տպագրատանը տպագրվել է 4 մլն քվեաթերթիկ 4 լեզուներով՝ տաջիկերեն, ռուսերեն, ուզբեկերեն ու ղրղզերեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Բարձրագույն պաշտոնի համար թեկնածուներ են առաջադրել երկրի 5 քաղաքական կուսակցությունները՝ իշխող Ժողովրդադեմոկրատականն իր առաջնորդ Էմոմալի Ռահմոնին, Կոմունիստականը՝ ԿԿ քարտուղար և խորհրդարանի պատգամավոր Իսմոիլ Տալբակովին, Ագրարայինը՝ Տոլիբեկ Բուխորիևին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ իր առաջնորդ Օլիմջոն Բոբոևին: Սոցիալիստական կուսակցությունը ընտրություններում ներկաայցնում էր կուսակցության նախագահ Աբդուհալիմ Գաֆարովը:

Ընտրությունների ընթացքին կհետևեն շուրջ 50 միջազգային դիտորդներ գրեթե 30 երկրներից: ԱՊՀ դիտորդական առաքելությունը բաղկացած է 150 կարճաժամկետ դիտորդներից, որոնց գլխավորում է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը Տաջիկստան է գործուղել 240 կարճաժամկետ և 30 երկարաժամկետ ընտրողների: Երկրում գրանցվել է շուրջ 4 մլն ընտրող, ևս 1,2 մլն գրանցվել է Ռուսաստանում:

Ակնկալվում է, որ գործող նախագահը կվերընտրվի նոր յոթնամյա ժամկետով: Էմոմալի Ռահմոնը 2006 թ. նախագահական ընտրություններում ստացավ ընտրողների քվեների 79 տոկոսը: ԵՄ և ԱՄՆ դիտորդները դեռ ոչ մի անգամ ընտրությունները Տաջիկստանում չեն ճանաչել ազատ ու թափանցիկ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել