
Երբեմն ինձ էլ են պարուրում թողնելու, հեռանալու այն երազային մտքերը: Գժվել կարելի է... Այստեղ եմ ծնվել, գիտեմ: Ի վերջո այստեղ էլ մեռնելու եմ:
Ամեն օր բացում եմ պատուհանս ու բարևում իմ ծառին` Ջեյմսին: Չգիտեմ` ինչու եմ անգլիական անուն տվել: Երևի դա էլ է կապված այն երազային մտքերի հետ: Ի տարբերություն անվան` Ջեյմսը իսկական հայ ծառ է: Դիմացկուն է... Երբեք չի բողոքում: Անգամ ամենացուրտ ձմռանը, երբ բարևում ես ու հարցնում` ինչպես ես, ստանում ես միևնույն պատասխանը.
- Կանգուն եմ, կանգուն...
Ես Ջեյմսի հետ շատ եմ կիսվում: Լավ ընկերներ ենք:
Երբ ասում են «քարերի Հայաստան», միանգամից Ամբերդն եմ պատկերացնում ու Արագած լեռը: Լեռներն ու Ամբերդի նման կառույցները միշտ կապում են հզորության հետ: Բայց ինձ համար Արագածը ազատության խորհրդանիշ է: Մի անգամ ոտքով բարձրացել եմ մինչև Ամբերդ: Դժվար էր, բայց երբ հասա, հասկացա, թե ինչ բարձունքներ եմ թողել ետևում, ինչեր եմ ապրել, որքան էլ հոգնած, բայց ազատ եմ եղել ու ապահով: Այս նույն զգացումը երևի կապրեմ նաև մեռնելուց առաջ:
Կապ չունի` որտեղ ես... Երջանիկ ես, որովհետև երջանիկ ես ու ուզում ես լինել: Բայց ամեն դեպքում, ավելի երջանիկ ես, երբ երջանիկ ես այնտեղ, որտեղ կաս:
Հայաստանում երկինքը միշտ հետաքրքիր է: Ես շատ հայրենիքներում եմ եղել, ու գուցե այդ բոլոր հայրենիքների երկինքները ավելի գեղեցիկ են, ավելի գրավիչ... Բայց իմ հայրենիքի երկինքը հետաքրքիր է:
Գնամ-նստեմ քարիս մի քիչ մտածեմ...
Առասպելական կերպար կա, որ կույր է, ամբողջ զգայական համակարգը կենտրոնացած է ոտքերի թաթերում: Նա հողով է զգում, հողով է լսում, հողով է տեսնում: Հայը նման է այս առասպելական կերպարին:
Ես էլ եմ նման, ես էլ եմ հայ: Ու երբեմն ինձ էլ են պարուրում թողնել-հեռանալու այն երազային մտքերը: Բայց ես այնստեղ եմ ծնվել, այստեղ էլ մեռնելու եմ: