Երեկոյան Ազատության հրապարակում Շանթի «հեղափոխության» հետքն էլ չմնաց (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Այսօր երեկոյան Մաշտոցի և Բաղրամյանի պողոտաները բաց էին երթևեկության և քաղաքացիների համար: Կեսօրի անկարգություններից հետք անգամ չէր մնացել ոչ Ազատության հրապարակում, ոչ Մաշտոցի պողոտայում: Նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի իրականացրած նստացույցից Ազատության հրապարակում ոչինչ չէր մնացել. վերջին մի քանի ժամերի ընթացքում ՀՀ ոստիկանությանը հաջողվել է հրապարակն ամբողջությամբ մաքրել հեղափոխական պաստառներից, մահակներից և հեղափոխական այլ իրերից: Երեկոյան Ազատության հրապարակում հեղափոխության մասին հիշեցնող ոչինչ չկար, ոչ էլ ՝ Շանթ Հարությունյանի քաղաքական համախոհները: 

Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում իրենց աշխատանքն ավարտեցին կեսօրին Մաշտոցի պողոտայում բռնկված պայթուցիկ նյութերի փորձաքննությամբ, տեղազննությամբ զբաղվող քրեագետները, դեպքի վայրում էին նաև բազմաթիվ ոստիկաններ, որոնք հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք, որ նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկինում մեղադրվող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիան այսօր վերածվեց զանգվածային անկարգությունների: Չլսելով ոստիկաններին՝ Շանթ Հարությունյանն ու իր համախոհները Ազատության հրապարակից դուրս էին եկել դեպի Մաշտոցի պողոտա: Ոստիկանները չէին կարողացել փակել նրանց ճանապարհը, ակտիվիստների և նրանց միջև սկսվել էին բախումներ, որի արդյունքում քսանից ավելի մարդ բերման է ենթարկվել: Ակտիվիստները Մաշտոցի պողոտա էին բերել նաև պայթուցիկ նյութեր, որոնք պայթեցրել են ոստիկանների ոտքերի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել