PanARMENIAN.Net - գրում է.
Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 17։00-ին, Anonymous-ների երթ էր նախատեսվում, որը նախատեսվածից այլ կերպ զարգացավ:
Գայ Ֆոքսի դիմակով ու ձեռքերում փայտով Շանթ Հարությունյանի գլխավորած երթի մասնակիցներն Ազատության հրապարակից շարժվում էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հարությունյանը, պատրաստվում էին բենզինով շշերով պայթեցնել նախագահական նստավայրը: Մաշտոցի պողոտայում ոստիկանները չէին թույլատրել Շանթ Հարությունյանինփողոցն անցնել արգելված վայրում: Արդյունքում, Հարությունյանի կողմնակիցները փայտերով հարձակվեցին ոստիկանների վրա, ոստիկաններն ի պատասխան գործի դրեցին ռետինե մահակները, ինչը բախման վերաճեց։ Երթի մասնակիցները բենզինի վառվող շշեր պայթեցրին։ Պայթյուններից մի շարք քաղաքացիներ տուժեցին, այդ թվում նաև լրագրող: Վնասվածքներ են ստացել նաև մի քանի ոստիկան:
Շտապ օգնության մեքենաները տուժածներին տեղափոխեցին հիվանդանոց: Մաշտոցի պողոտայում ոստիկանության հատուկ գնդի ներկայացուցիչներ էին, ինչպես նաև զրահապատ մեքենաներ: Ոստիկանները բերման ենթարկեցին երկու տասնյակից ավելի երթի մասնակիցների, այդ թվում նաև Շանթ Հարությունյանին: Ինչպես ավելի ուշ հայտարարեցին իրավապահները՝ տեղի է ունեցել հանցագործություն, այժմ կատարվում է քննություն:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն Ազատության պողոտայում հավաքվածներին հորդորում էր հեռանալ հրապարակից: Ներկաների արձագանքին, թե հասարակական վայրում են, փոխոստիկանապետն ասաց, որ հասարակական վայրում հանցագործություն չեն գործում ու ոստիկանի չեն դանակահարում, բենզինով շիշ չեն նետում։
Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, թե տուժածների ու բերման ենթարկածների մասին տեղեկություն կտրամադրի ավելի ուշ: Հայտարարությունում ասվում է.
«Արդեն քանի օր է` Շանթ Հարությունյանը բռնության կոչեր էր հնչեցնում Ազատության հրապարակում: Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել էր դադարեցնել անխոհեմ պահվածքն և անօրինական գործողությունների մղելու կոչերը: Այսօր ևս ոստիկանության ներկայացուցիչները Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ավելին` ժամը 17.10-ի սահմաններում, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել:
Ոստիկանության ներկայացուցիչները նրանց կրկին հորդորել են չխախտել հասարակական կարգն և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարգի հրավիրել օրինազանցներին և ազատել պողոտան: Երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ: Կատարվում է դեպքի վայրի զննություն:
Ոստիկանությունը հայտարարում է, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:
Բախումների արդյունքում բուժհաստատություններ են տեղափոխվել 9 տուժած, որոնցից 8-ը ոստիկան է, իսկ մեկը՝ 16-ամյա պատանի: Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ասել են, որ16 տարեկան տղան գանգուղեղային վնասվածքով տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն, որտեղ հետազոտվում է, գրում է Tert.am-ը:
4 ոստիկաններ տեղափոխվել են երրորդ հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Ոստիկաններից մեկը աչքի շրջանում է վնասվածք ստացել, մյուսը` որովայնի ստորին շրջանում դանակի թեթև վնասվածք, իսկ մյուս երկուսը՝ սալջարդ:
Նշենք, որ Anonymous-ների պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ այս տարի դիմակավորները կառավարական շենքերը չեն վնասի՝ բավարարվելով դրանց շուրջ ցույցերով: Երթեր էին նախատեսվում հարյուրավոր քաղաքներում. ակցիային ընդառաջ ֆբ էջեր էին բացվել ԱՄՆ-ում, Էստոնիայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Թուրքիայում, Մեքսիկայում, Կանադայում, Լեհաստանում, Բելիզում Բրազիլիայում, այդ թվում նաև Հայաստանում, ընդհանուր առմամբ մոտ 400 քաղաքում: