Այն ինչ այսօր տեղի ունեցավ օպերայի հրապարակում և դրան հարակից տարածքում ոչ այլ ինչ էր, քան չհաշվարկված, չստացված, տապալված գործընթաց, ինչը դուրս էր իշխանության դեմ պայքարի տրամաբանությունից: Սա վատ բեմադրված արկածախնդրություն էր, որը որևէ խնդիր չէր կարող լուծել:
Դա հանրահավաք կամ բողոքի խաղաղ ակցիա չէր, որի անցկացումը ամրագրված է օրենքով, դա գործողություն էր, որը պարզապես մի շարք դրույթներով հակասում էր համապատասխան օրենսդրությանը: Ավելին, Շանթ Հարությունյանի գործողությունների արդյունքում ոչ միայն խախտվեց շարքային քաղաքացու իրավունքը, այլ տարբեր հաշվարկներով 1-2 տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան (մեկ ոստիկան դանակահարվել է): 
Դժվար է ասել, թե մահակներով, ձողերով, պայթուցիչներով զինված խումբը իրականում ինչ խնդիր էր փորձում իրականացնել, սակայն ենթադրվում էր, որ հետագա բռնություններից ու անկանխատեսելի զարգացումներից խուսափելու նպատակով ոստիկանությունը համապատասխան քայլերի կգնար:
Պետք է փաստել, որ ստեղծված իրավիճակում, ոստիկանության գործողություններն ընդհանուր առմամբ համարժեք էին և բխում էին ստեղծված իրավիճակի տրամաբանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել