Tert.am-ը գրում է.
Գերմանիայի Դաշնության Հանրապետության Հեսսեն երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Ֆեռայի և նույն երկրամասի Բեռգշտրասսե շրջանի ղեկավար Մատիաս Վիլկեսի հրավերով ԳԴՀ է այցելել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 30-ին, Բեռգշտրասսե շրջանի ղեկավար Մ. Վիլկեսն իր նստավայրում ԼՂՀ վարչապետի պատվին կազմակերպել է ընդունելություն և մամուլի ասուլիս: Պրն Վիլկեսը լրագրողներին պատմել է Արցախ կատարած իր այցելության և դրական տպավորությունների, ապագա համագործակցության ծրագրերի մասին: Նա անդրադարձել է նաև օդանավակայանին, որն ըստ իրեն, Ադրբեջանի քաղաքական ճնշման հետևանքով դեռևս չի գործում և վնասում է տարածաշրջանի բնականոն զարգացմանը:
ԼՂՀ վարչապետը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը լրագրողներին համառոտ ներկայացրել են ԼՂՀ պատմությունը, հակամարտության ներկա իրավիճակը, բանակցային գործընթացը և նրա խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական երկու հանրապետությունների դիրքորոշումը:
Ընդունելության շրջանակներում ԼՂՀ վարչապետը հանդիսավոր կերպով Բեռգշտրասսե շրջանի «Ոսկե գրքում» Արցախի իշխանությունների կողմից հաստատել է շրջանի և ԼՂՀ-ի միջև բարեկամության կնքման սկիզբը: Բարեկամության հուշագրի տակ իրենց ստորագրություններն են դրել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վ. Հովհաննիսյանը և ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը:
Նույն օրը Հեսսենում ՀՀ պատվո հյուպատոս պրն Ֆեռան Հեպպենհայմ քաղաքի իր նստավայրում ԼՂՀ վարչապետի պատվին կազմակերպել է ընդունելություն-ճաշ, որին ներկա էին ավելի քան 80 դիվանագետներ` պատվո հյուպատոսներ, գործարարներ և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ: Իր ելույթում ԼՂՀ վարչապետը համառոտ ներկայացրել է Արցախի պատմությունը՝ նրա անցած ուղին և ներկայիս իրավիճակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ