Հայկ Մարությանը, Պետրոս Ղազարյանը և Ալեն Սիմոնյանը հրավիրվել են քաղաքապետարանSlaq.am-ը գրում է.

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովը Երևանի քաղաքապետարանում արդեն մի քանի նիստն է գումարել, իսկ թե մինչ այս հանձնաժողովն ի՞նչ աշխատանքներ է իրականացրել` Slaq.am-ը զրուցեցփոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ: 

- Պարոն Նիկոյան, քաղաքացիական հասարակության մի հատվածը պնդում է, որ 100 դրամ ուղևորավարձը բավարար է և եթե չկան էական ներդրումներ ոլորտում, ապա ինչու՞ թանկացնել այն։

- Նախ ևս մեկ անգամ եկեք արձանագրենք, որ Երևանի քաղաքապետարանը որևէ թանկացման խնդրում շահագրգիռ չէ, քանի որ այն բնակչությունից կտրված կառույց չէ և այստեղ աշխատում է նույն բնակիչը, նույն հոգսով ու մտահոգությամբ։ Մենք դեմ ենք որևէ ինքնանպատակ գործողության, առավել ևս երբ խոսքը վերաբերում է մատուցվող ծառայությունների սակագնի բարձրացմանը։ Եթե այս խնդիրն այսօր օրակարգում է, նշանակում է մենք մոտեցել ենք այն սահմանագծին, երբ ծառայությունների մատուցումը սկսել է իրականացվել դրա որակի և անվտանգության հաշվին։ Այս դեպքում բաց և թափանցիկ քննարկումներով փորձ է արվում հնարավորինս պարզաբանել խնդրի էությունն ու լրջությունը։ Ինչ վերաբերվում է սակագնին, ապա այսօր հասարակությանը մատուցվում են ցանկալի և ականջ շոյող գներ, որոնց հիմնավորումները կամ սիրողական մակարդակում են, կամ ընդհանրապես չկան, չնայած մենք պարբերաբար առաջարկում և խնդրում ենք դրանք, եթե ոչ մեզ, ապա գոնե տրամադրվի հասարակությանը։

Ի վերջո, եթե խնդիրը վերաբերվում է ծառայությունների մատուցման անվտանգությանն ու որակի ապահովմանը ապա ներդրումների պարտադիր իրականացում կարող է առաջադրվել միայն վերջնական ձևավորված առաջարկությունների ընդհանուր համատեքստում, իսկ այն ինչ առաջարկում ենք մենք, դա ընդամենը այն նվազագույնն է, որն այսօր անհրաժեշտ է ոլորտի կենսունակության պահպանման համար։ Բոլորի համար տեսանելի է, որ այսօր ուղևորափոխադրման ծառայությունները իրականացվում են որակի և անվտանգության հաշվին, իսկ ցանկացած վերահսկողության խստացում հանգեցնում է երթուղիների չսպասարկմաը։ Այս պարագայում կա երկու մոտեցում, թե բնակչությունը և թե Քաղաքապետարանը կամ պետք է ընդունեն օբյեկտիվ իրավիճակը և սթափ գնահատեն այն, կամ ընդհանրապես մերժեն ցանկացած հաշվարկ և լուծում։ Արդյունքում, ի վերջո, անհրաժեշտություն է առաջանալու հստակեցնել այն պատասխանատվության չափաբաժինը, որը պետք է կրի յուրաքանչյուրը կանխատեսելի հետևանքների դեպքում։

- Արդյոք Ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ հասարակական ակտիվ խմբերին միանում են բնակչությանը և հանրությանը հայտնի մարդիկ՝ դերասան Հայկ Մարությանը, լրագրող Պետրոս Ղազարյանը, մեդիա դաշտում ոչ պակաս հայտնի Ալեն Սիմոնյանը և ուրիշներ, որոնք նույնպես հասարակական կարծիքի ձևավորման մասնակիցներ են։

- Հարցը ունի երկու կողմ։ Նախ կասկածի տակ է դրվում ծառայության արժեքը։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ հանձնաժողովը տող առ տող քննարկում է ծառայության արժեքը ձևավորող բոլոր բաղադրիչները և պատրաստ է այն քննարկել բոլոր շահագրգիռ և սրտացավ անձանց հետ։ Երկրորդը դա բոյկոտի այն կոչերն են որոնք արվում են անկախ ամեն ինչից։ Եկեք ընդունենք, որ սրանք ի սկզբանի իրարամերժ են։ Ձեր մատնանշած անձանց համարելով իրոք խնդրի լուծման համար սրտացավ մարդիկ, մենք հրապարակայնորեն նրանց հրավիրում ենք մասնակից լինել հանձնաժողովի աշխատանքներին և փորձել համատեղ ուժերով հասնել խնդրի ընդունելի և արդար լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը բաց է ցանկացած քննարկման համար։

-Նշվում է նաև, որ երթուղիները սպասարկվում են այս կամ այն իշխանավորի բարեկամի, մեծահարուստի կողմից, իսկ մրցույթները չեն իրականացվում բաց և թափանցիկ։

- Այսօր մենք ունենք թվով 24 ազատ երթուղիներ, որոնց մրցույթը հայտերի բացակայության պատճառով արդեն երրորդ անգամն է չի կայանում: Եվ եթե դուք մատնանշեք որևէ դեպք, երբ ինչ որ մեկը ցանկություն է հայտնել մասնակցել մրցույթներին ու նրա հնարավորությունները սահմանափակվել են, ապա ես Ձեր տեսակետի հետ կհամաձայնեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել