Տարիներ առաջ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին լրագրողներից մեկը հարցրել էր, թե բարձրաստիճան պաշտոններում ինչ սկզբունքով, չափանիշներով և ինչ շրջանակից են նշանակվում, որին հետևել էր նրա բավականին անկեղծ պատասխանը, որը մոտավորապես հետևյալ իմաստն էր արտահայտում. «Հստակ չափանիշներ չկան, իսկ ընտրությունը կատարվում է մեր ուսանողական և աշխատանքային ընկերների միջավայրից»: Այս պատասխանից հետո շատերը հասակացան, որ այս կարևորագույն հարցում սուբյեկտիվիզմի տեսակարար կշիռը անչափ մեծ է: Հատկանշական է, որ այդ ժամանակ առաջին անգամ քաղաքական շրջանակները ոչ անտեղի խոսում էին տեխնոկրատ կառավարության մասին: Ինչ պատկեր ունենք այսօր, ինչ է փոխվել տարիների հեռվից: Սկզբունքների առումով փոփոխություններն ակնհայտ են. ներկայում բարձրաստիճան պաշտոններում նշանակվում են կուսակցական պատկանելության սկզբունքով: Սա, անշուշտ, ընդունված մոտեցում է, որը լայն կիրառում ունի կայացած ժողովրդավարություն ունեցող հասարակություններում: Սակայն, տվյալ դեպքում հիմնական խնդիրը առնչվում է կուսակցություններում կադրերի բանկի առկայության հետ: Այս առումով որոշ երկրներում գոյություն ունեն խիստ թափանցիկ քաղաքական ավանդույթներ, որոնք թույլ են տալիս հասարակության անդամներին, ընտրելով կոնկրետ կուսակցությանը, հստակ իմանան, թե ով է լինելու այն անձը, ով զբաղեցնելու է ենթադրենք` գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և այսպես շարունակ: Դա ստվերային կառավարության մոդելն է, որը մեր քաղաքական իրականության մեջ ավանդույթի նորմի ուժ դեռևս չունի: Անգամ քաղաքական ընտրությունների ընթացքում կուսակցությունները չեն կիրառում այս մոտեցումը:
Դժվար է հստակ նշել, թե ինչն է փոխվել չափանիշների առումով: Դե իսկ շրջանակը կամ միջավայրը, որից կատարվում է բարձրաստիճան չինովնիկների ընտրությունը, կարելի է ասել ավելի կոնսոլիդացվել է, ուղղակի տեղափոխվել է կուսակցական տիրույթներ: Թերևս, սրանով նաև կարելի է բացատրել 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կուսակցականացումը` ՀՀԿ շարքերը համալրելը: Սա ոչ լավ է, ոչ վատ, եթե չունենք ամենագլխավորը` հստակ մշակված չափանիշներով ձևավորված կադրերի բանկը: Հենց այն պետք է լինի քիչ թե շատ լուրջ որևէ քաղաքական կուսակցության կարևորագույն այցեքարտերից մեկը: Գուցե, այս պարագայում որոշումներ կայացնողներն ընտրության ավելի մեծ հնարավորություն ունենան և այս կամ այն պատասխանատու պաշտոնին լիազորեն առավել բանիմաց, խնդիրների առաջ չընկրկող, օրնիբունորեն աշխատող պետական բարձրաստիճան ծառայողներ:
Հ.Գ. 1. Վերոշարադրյալը, բնականաբար, դոգմա չէ և չի հավակնում դառնալ վերջին ատյանի ճշմարտություն: Սա մոտեցում է, որը, գուցե, կարող է հանրային ընկալման մեջ որոշակիորեն փոխել բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ բյուրեղացած որոշ կարծրատիպեր:
Հ.Գ. 2. Անշուշտ, կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ունեն ենթադրվող կադրերի բանկի ամանախիստ չափանիշներին համապատասխանող որակներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/253144078172929?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել