1in.am-ը գրում է.
Մենք բոլորս սովետական հետախուզության կրողներն ենք: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հատուկ նշանակության խմբի հետախուզության պետ Արտակ Բագրատյանը` հավելելով, որ հայկական անկախ պետականության հետախուզության հիմնադիր համարվում է Սամվել Շահինյանը` 1980-ականների վերջ, իսկ ահա խորհրդահայ հետախուզությունը հիմնադրվել է դեռ 1918-ին:
Արտակ Բագրատյանի խոսքով՝ երիտասարդները, որ գալիս էին իրենց մոտ հետախուզություն սովորելու, երեք ամիս ուսումնավարժանքներ էին անցնում: «Ավելի ուշ բանակում պրոֆեսիոնալ հետախուզական ստորաբաժանումներ հիմնվեցին: Այսօր մենք կարող ենք հպարտանալ, որ ունենք կայացած հետախուզ-դիվերսիոն խմբեր: Հիմա այդ ոլորտում դինամիկ զարգացում է տեղի ունենում: Մեր տղաները մշտապես պատրաստ են պատվով կատարելու իրենց գործը` թե՛ խաղաղության, և թե՛, Աստված մի արասցե, պատերազմի ժամանակ: Հետախույզի համար շատ կարևոր է իմանալ` հակառակորդն ինչ պատրաստվածություն, ինչ կարողություններ ունի: Այնպես որ, ադրբեջանական դիվերսիոն գործողությունները աչալուրջ են պահում հայ հետախույզներին»,- ասաց նա` հավելելով, որ ադրբեջանական հետախուզությունը շատ թույլ է գնահատում:
Արտակ Բագրատյանը նկատեց, որ հետախուզության ոլորտում հայաստանյան իշխանությունները փորձի փոխանակման համար, ի դեմս ՆԱՏՕ-ի, սխալ հասցեատիրոջ են դիմում: «ՆԱՏՕ-ն իր ամեն հետախույզի հետևից մի քանի հարյուր հոգու կարող է ուղարկել: Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող: Հայաստանը հետախուզության ոլորտում փորձի փոխանակման համար պետք է դիմի, օրինակ, Իսրայելին»,- կարծիք հայտնեց հետախույզը:
Անդրադառնալով ոլորտում առկա բացերին` Արտակ Բագրատյանը անթույլատրելի համարեց, որ մասնագիտական սարքերը ներկրվում են հիմնականում ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից: «Նույն գաղտնալսող և մնացած սարքերը պետք է արտադրել տեղում, պարզապես համապատասխան ներդրումներ են հարկավոր»: